Մուբարաքը Եգիպտոսի գանձապետարանին $2,7 մլն կվերադարձնի

Եգիպտոսի գլխավոր դատախազությունը համաձայնել է երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի փաստաբանների՝ երկրի գանձապետարան 18 մլն եգիպտական ֆունտ (մոտ $2,7 մլն) վերադարձնելու առաջարկի հետ, գրում է Egypt Independent պարբերականը։

Նշված գումարը նախատեսված է Հոսնի Մուբարաքի՝ նախկինում «Ալ Ահրամ» մեդիահոլդինգից ստացած նվերների փոխհատուցման համար։ Եգիպտոսի նախկին նախագահի ընտանիքը այս գումարը պետք է վճարի երկու ամսվա ընթացքում։ Գումարի վերադարձի դիմաց Հոսնի Մուբարաքի փաստաբանները պահանջում են նրա գործով հետաքննության դադարեցում։

Ավելի վաղ՝ հունվարի 12-ին, Հոսնի Մուբարաքը Կահիրեի բանտային հոսպիտալից տեղափոխվել էր ռազմական հոսպիտալ, որից հետո վերցվել էր 15-օրյա կալանքի տակ՝ հետաքննության շարունակման համար։ Հունվարի 13-ին Եգիպտոսի վճռաբեկ դատարանը բավարարել էր նախկին նախագահի գործի վերանայման դիմումը։ Թե երբ տեղի կունենան նոր լսումները, առայժմ հայտնի չէ։

Հոսնի Մուբարաքը, որը Եգիպտոսի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 1981-ից մինչև 2011թ․ սկիզբը, 2012թ․ հունիսին դատապարտվել էր ցմահ ազատազրկման 2011թ․ հակակառավարական ցույցերի մասնակիցների մահվանը մեղսակից լինելու համար։

Մեկնաբանել