Նոր մարտահրավեր իշխանությանը՝ չհավաքել 90 տոկոս

2013թ. նախագահական ընտրություններն աստիճանաբար վերածվում են ֆարսի: Առաջիկա ընտրություններն ընտրություն են առանց ընտրելու հնարավորության: Ծրագրային և գաղափարական պայքարի որևէ նշույլ անգամ չկա, ՀՀ քաղաքացին հնարավորություն չունի ընտրություն կատարելու երկրի զարգացման ռազմավարական ծրագրերի և թիմերի միջև: Այդպիսիք պարզապես բացակայում են:

Զուտ նախագահի ինստիտուտի կարևորությունը հաշվի առնելով՝ պարզապես անտրամաբանական է, որ այդ ինստիտուտը գլխավորելու հայտ են ներկայացնում մարդիկ, որոնք հանրային լայն ճանաչում չունեն և ըստ էության որպես թեկնածու լեգիտիմ չեն ընկալվում հասարակության կողմից: Տպավորություն է, որ հնարավոր թեկնածուների գերակշիռ մասը նախագահական ընտրություններն օգտագործում է հավելյալ եկամուտ ստանալու և միաժամանակ քաղաքական «կարիերա» անելու համար:

Այդ գործիչներից շատերին հանրությունը ճանաչում է որպես նախագահի բազմափորձ թեկնածուների, որոնք հայտնվում են ընտրությունից ընտրություն և մրցակցության ֆոն ապահովում:

Զարգացած ժողովրդավարական երկրներում նախագահի թեկնածուի կարգավիճակում հայտնվելու համար մարդիկ բավական երկար քաղաքական ճանապարհ են անցնում: Աբսուրդների երկիր Հայաստանում որոշ գործիչներ իրենց կարճատև քաղաքական «ճանապարհը» սկսում են նախագահի թեկնածուի կարգավիճակով: Ահա այդպիսի գործիչների «պոտենցիալն» էլ օգտագործվում է մրցակցային ընտրությունների պատրանք ստեղծելու համար: Թեկնածուի կարգավիճակով հանդես եկող գործիչները փաստացի մեկ խնդիր են լուծում՝ հնարավորինս լեգիտիմացնել Սերժ Սարգսյանի նախագահ դառնալու գործընթացը:

Քաղաքական և քաղաքագիտական տրամաբանությունից դուրս է այն հանգամանքը, որ պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու հայտ ներկայացրած անձինք ընտրապայքարի համար ոչ միայն գումարներ չեն կարողանում հայթայթել, այլ նաև չունեն քաղաքական թիմ ու ծրագիր:

Փետրվարի 18-ի ընտրությունից առաջ բավական հետաքրքիր մարտահրավեր է ծառացել իշխանության առջև. եթե ընդամենը մեկ ամիս առաջ իշխանությունը զուտ մտածում էր տոկոսային առումով 50+ ինչ-որ տոկոս հարաբերակցությամբ հաղթանակի մասին (որը լրջորեն կարող էր հարցականի տակ դրվեր, եթե լիներ քաղաքական համախմբում), ապա այժմ իշխանության գլխավոր մարտահրավերն այն է, որ իր թեկնածուն չհավաքի 80-90 տոկոս քվե:

Մեկնաբանել