Մեսիջներ Քոչարյանից

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կատարեց խոստումը և խոսեց նախագահական ընտրությունների մասին: Հարցազրույցից դատելով՝ կարելի է ասել, որ նա բավականին մեղմացրել է իշխանությունների նկատմամբ իր կարծիքը: Նա մեսիջ է հղում Սերժ Սարգսյանին՝ շեշտելով, որ ինքը չի խոչընդոտել նրա՝ հաջորդ հինգ տարիներին Բաղրամյան 26-ում մնալը: Քոչարյանը երեք պատճառ է նշում, որ իրեն հետ են պահել Սերժ Սարգսյանի հետ մրցապայքարից.

ա) Իրենք ղարաբաղցի են և վաղեմի գործընկերներ:
բ) Երեք նախագահների ներգրավվածությունը ընտրական գործընթացներին իր համար տհաճ է, իսկ երկրի համար՝ վնասակար:
գ) Ներկայում Հայաստանում չկա քաղաքական պայքար, կա քաղաքական մանրածախ առևտուր:

Քոչարյանի այս երեք փաստարկները պետք է դիտարկել առաջիկա տարիներին քաղաքական հնարավոր զարգացումների համատեքստում: Հարցազրույցում նա փաստում է, որ Սերժ Սարգսյանի վերարտադրությամբ երկրում իրավիճակը ամենևին չի լավանալու, և հասարակության մեջ անկումային տրամադրությունները խորանալու են:

Սրանով երկրորդ նախագահը 2018թ. նախօրեին մեծ քաղաքականություն վերադառնալու հայտ է ներկայացնում: Հինգ տարի անց նախագահական ընտրություններին Քոչարյանի մատնանշած առաջին երկու պատճառներն այլևս չեն լինելու. ղարաբաղցի և Քոչարյանի մարտական ընկեր Սերժ Սարգսյանը այլևս չի կարող առաջադրվել: Չի լինի նաև երեք նախագահների եռանկյունին, և նրանցից նախագահի պոստին հավակնող մնալու է միայն Ռոբերտ Քոչարյանը: Եվ քանի որ մինչ այդ Հայաստանում իրավիճակը չի բարելավվելու, ինչպես կանխատեսում է Ռոբերտ Քոչարյանը, ուստի նա լիարժեք իրավունք կունենա նախագահական նստավայր վերադառնալու հայտ ներկայացնել՝ որպես ճգնաժամային մենեջեր:

Հարցազրույցով երկրորդ նախագահը իշխանական բարոյական կոդեքսի շրջանակում Սերժ Սարգսյանին կարծես թե ընտրություն չի թողնում: Նախ՝ 2008թ. Քոչարյանի ջանքերով հնարավոր եղավ իշխանությունը փոխանցել Սերժ Սարգսյանին, իսկ հետագայում Քոչարյանը որևէ կերպ չխոչընդոտեց իշխանության վերարտադրությունը, ուստի երրորդ նախագահը իշխանության տեսքով պարտք ունի վերադարձնելու երկրորդին:

Երկրորդ՝ Քոչարյանի կողմից ղարաբաղցի լինելու հանգամանքը նշելը պատահական չէ: Դրանով նա Սարգսյանին փաստացի հասկացնում է, որ 2018թ. իշխանությունը պետք է փոխանցվի հենց իրեն:

Հ.Գ. Անկախ փաստարկների տողատակից՝ ղարաբաղցի լինելու հանգամանքն ընդգծելը վտանգավոր կարող է լինել ինչպես ընդհանուր ազգի, այնպես էլ Արցախում ծնված հայերի համար:

Մեկնաբանել