Նժդեհն էլ, եթե թեկնածությունը դներ, կպարտվեր. Ա.Ռուստամյան

Դեռ երբեք չէր եղել այսպես, որ ընտրողն այսպես սերտ կապի մեջ լինի ընտրակաշառք բաժանող ընտրվողի հետ. «Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդման շրջանակում նշեց «ՀՅԴ» խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը:

Նա նշեց, որ չի մեղադրում ընտրակաշառք վերցնողին, սակայն այս իրավիճակում իրենց՝ որպես քաղաքական ուժի, ընտրապայքարին մասնակցելն անհեռանկարային է: «Այս պայքարի արդյունքում մեկն է հաղթելու, և եթե դա դու չես, քո ավելացրած տոկոսները ոչ մեկի չի հետաքրքրում. ժողովրդին հետաքրքրում է իր կյանքի փոփոխությունը, որին կարելի էր հասնել ընդդիմության միավորմամբ, սակայն դա հնարավոր չեղավ»,- ասաց նա՝ հավելելով, որ այս ընտրությունների արդյունքները կանխորոշված են, և դա քաղաքական պայքարի հետ որևէ կապ չունի: «Ժողովուրդն այսօր իշխանափոխություն է ուզում, ոչ թե՝ ընտրությունների իմիտացիա»,- նշեց նա:

Այսօր, ըստ նրա, պետությունն ու իշխող կուսակցությունը նույնացված են, և քաղաքական ուժերի համար միայնակ անհնար է մրցել պետական ռեսուրսներով ընտրապայքարի դուրս եկող քաղաքական ուժի հետ: «Դու կարո՞ղ ես մեղադրել շախմատիստին, թե ինչի չի գնում շախմատի մրցումներին, երբ նա գիտի, որ ինքը մի քայլ է անելու, դիմացինը՝ երեք, կամ ասենք՝ վազորդին, երբ ինքը դուրս պիտի գա վազքուղի, իսկ մեկ ուրիշը մատացիկլետով է գալու, կամ նարդի խաղացողին, որը զառ է գցում ու խաղում՝ ինչ գալիս է, իսկ դիմացինն առանց զառը գցելու խաղում է՝ ինչ ուզում է: Նժդեհը, եթե այսօր իր թեկնածությունը դներ Սյունիքում, անպայման կպարտվեր»,- նշեց նա՝ հավելելով, որ քաղաքական ուժերի դեպքում էլ պայմանները պիտի հավասար լինեն. անարդար պայքարի դեպքում հաղթում է անարդար ուժեղը:

Մեկնաբանել