Ստեղծվել է հայ-ադրբեջանական ինտերնետային հարթակ

Հայկական «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի և ադրբեջանական Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի նախաձեռնած http://www.publicdialogues.info կայքն այսօր ներկայացվել է հայ հանրությանը: Երկու օրից կայքի շնորհանդեսն է լինելու նաև Բաքվում:

Ինչպես տեղեկանում ենք կայքից, այն ստեղծվել է «Հրապարակային երկխոսություններ» իրականացնելու, Հայաստանի և Ադրբեջանի մշակույթի, քաղաքական ու հասարակական գործիչների մասնակցությամբ երկու ժողովուրդների միջև հանրային շփումները սերտացնելու համար: Կայքը հնարավորություն է տալիս ստանալ տեղեկատվություն, անցկացնել քննարկումներ, ինտերակտիվ շփումներ: Այն կարևոր, այժմեական և հետարքրքական խնդիրների քննարկման հարթակ է, հնարավորություն է լրատվամիջոցների համար մասնակցել համատեղ մամլո ասուլիսների:

Կայքում ներկայացված է արտագաղթը՝ Հայաստանում և Ադրբեջանում, սոցիալական ցանցերի կիրառումը՝ Հայաստանում և Ադրբեջանում, աշխատողների իրավունքների պաշտպանությունը, արցախյան հերոսամարտի մասնակիցների սոցիալական դրությունը և այլ ոլորտներ՝ Հայաստանում և Ադրբեջանում համեմատության մեջ:

Կազմակերպիչները հուսով են, որ այս հարթակը կծառայի բոլորին, ովքեր հետաքրքրված են Հայաստանի և Ադրբեջանի ներքին կյանքի զարգացմամբ, հայ-ադրբեջանական շփումների սերտացմամբ, ովքեր ցանկանում են համեմատել կյանքի որակը սահմանի երկու կողմում, տեսնել և սահմանել երկու պետությունների և ժողովուրդների միջև առկա անջրպետները՝ դրանց հաղթահարելի կամ անհաղթահարելի կողմերը:

Մեկնաբանել