Թուրքիայի կառավարությունը միջամտում է լրատվամիջոցների աշխատանքին. զեկույց

Վաշինգտոնի Միջազգային խաղաղության Կարնեգի հիմնադրամը զեկույց է պատրաստել Թուրքիայում մամուլի ազատության վիճակի մասին, հաղորդում է թուրքական Bianet.org կայքը: Զեկույցն անհանգստացնող է համարում այն, որ կառավարությունը միջամտում է լրատվամիջոցների աշխատանքին: Ըստ զեկույցի հեղինակների` վերջին տարիներին ավելացել են լրատվամիջոցների նկատմամբ ճնշման գործադրման դեպքերը:

Զեկույցում նշվում է, որ լրագրողների և լրատվամիջոցների աշխատակիցների ձերբակալությունները մեծամասամբ տեղի են ունենում Հակաահաբեկչական պայքարի օրենքի շրջանակում: Ըստ զեկույցի` լրագրողների 68%-ը ձերբակալվել է քրդական հարցի հետևանքով, 13%-ը` «Էրգենեկոնի» գործով:

Մամուլի ազատությունն ապահովելու նպատակով Միջազգային խաղաղության Կարնեգի հիմնադրամը Թուրքիային առաջարկում է ձեռնարկել հետևյալ քայլերը. հստակեցնել բանտերում գտնվող լրագողների թիվը, դատաիրավական բարեփոխումներն ավելի ակտիվորեն կյանքի կոչել, մեծացնել քաղաքացիական հասարակության դերը, վերակենդանացնել Եվրամիության անդամակցության գործընթացը:

Միջազգային և թուրքական մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով` Թուրքիան ձերբակալված լրագրողների թվով աշխարհում առաջինն է: Պաշտոնական Անկարան պնդում է, թե լրագրողները ձերբակալվել են ոչ թե մասնագիտական գործունեության, այլ ահաբեկչական կազմակերպությունների օգտին քարոզչություն կատարելու կամ նրանց անդամակցելու համար: Որոշ տվյալների համաձայն` թուրքական բանտերում պահվում է շուրջ 100 լրագրող:

Մեկնաբանել