Ինչպես հասնել Աբխազիա

Երեկ Երևանում Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, պատասխանելով աբխազական երկաթուղու վերագործարկման մասին հարցին, ասել է. «Կարծում եմ՝ հնարավոր է, հնարավորությունն ավելի շատ է, մենք պետք է վերականգնենք այն: Մենք մեծ հույս ունենք և ջանքեր ենք գործադրում՝ հնարավորինս արագ վերականգնելու Ռուսաստանի հետ հարաբերությունները: Հիմնական հարցը Վրաստանի տարածքային ամբողջականությունն է: Վրացական կողմը պատրաստ է քայլեր անել, մյուս կողմը Ռուսաստանն է: Գիտեք նաև, որ մենք ոչ լավ հարաբերություններ ունենք մեր եղբայրների՝ աբխազների հետ: Մնում է, որ բոլոր կողմերը ցանկություն ունենան: Մենք պատրաստ ենք ամեն ինչ անել այդ հարցը հնարավորինս շուտ լուծելու համար»:

Սաակաշվիլիի իշխանության օրոք, ինչպես նաև դրանից առաջ աբխազական երկաթուղու վերագործարկման թեման ոչ միայն չէր քննարկվում, այլև ընդհանրապես ուտոպիստական էր թվում այդ մասին խոսելը: Ավելին՝ աբխազական երկաթուղու վերագործարկումը մոռանալով՝ Վրաստանի նախկին իշխանություններն ամբողջապես կենտրոնացել էին Ախալքալաք-Կարս երկաթուղային նախագծի վրա՝ ինչ-որ առումով այն հակադրելով նաև աբխազական երկաթգծին:

Ճիշտ է, աբխազական երկաթգծի վերագործարկումը կարճաժամկետ հեռանկարում իրատեսական չէ, բայց առնվազն այդ հարցի շուրջ դրական ֆոնն առկա է, ինչը պայմանավորված է ինչպես Իվանիշվիլիի՝ գործարարին հատուկ պրագմատիկ մտադրություններով՝ վրացական ապրանքների համար վերականգնել ռուսական անծայրածիր շուկան, այնպես էլ նրա ռուսաստանյան բիզնես անցյալով:

Ոչ ստանդարտ քայլեր անելու Իվանիշվիլիի մտադրությունները, սակայն, բավարար չեն, որպեսզի խնդիրներն ինքնահոս տեղից շարժվեն: Առանց Երևանի ակտիվ հրապարակային և անդրկուլիսային աշխատանքի՝ Թբիլիսիում, Մոսկվայում, Սուխումում, ինչպես նաև Վաշինգտոնում ու եվրոպական մայրաքաղաքներում ստեղծված դրական ֆոնը շատ հեշտությամբ և արագ կարող է չեզոքանալ:

Հայաստանի դիվանագիտությանը թերևս պակասում է պաշտոնական հայտարարությունների ու հրապարակային հանձնառությունների հետքերով գնալու հետևողականությունը: Ներկայում Հայաստանի խնդիրը պետք է լինի աբխազական երկաթուղու խնդիրը քաղաքական հարթությունից ամբողջապես տեղափոխել տնտեսական հարթություն:

Ռուս-վրացական փչացած հարաբերությունների պարագայում Վերին Լարսի անցակետի վերագործարկումը վկայում է այն մասին, որ թեև ավելի մեծ դժվարությամբ, բայց աբխազական երկաթուղու վերաբացումը իրատեսական կարող է դառնալ:

Մեկնաբանել