Հարավային երկաթուղու և ճանապարհների համար` $3 մլրդ

Այսօր ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հայտարարել է $3 մլրդ արժողությամբ «Հայաստանի հարավային երկաթուղի» և «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհ» ծրագրերի մեկնարկի մասին, հաղորդում են տրանսպորտի և կապի նախարարության մամուլի ծառայությունից:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված «Ռասիա ՖԶԷ» ընկերության միջև ստորագրվել են «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհի» և «Հայաստանի հարավային երկաթուղու» կոնցեսիոն պայմանագրերը։ Պայմանագրերի գործունեության ժամկետն է՝ 30 տարի շինարարության ավարտից հետո։ Պայմանագրերի նպատակն է «Ռասիա ՖԶԷ» ընկերության կողմից «Հայաստանի հարավային երկաթուղու» և «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհի» ֆինանսավորումը, նախագծումը, կառուցումը և շահագործումը։ «Ռասիա ՖԶԷ» ընկերությունը պարտավորվում է սեփական միջոցներով իրականացնել պայմանագրերով նախատեսված նախագծերի իրագործելիության ուսումնասիրությունը, որի արդյունքների հիման վրա հետագայում նախատեսվում է կոնսորցիումի եղանակով՝ պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում, իրականացնել շինարարական աշխատանքները և հետագա շահագործումը։

«Հայաստանի հարավային երկաթուղի» և «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհ» ծրագրերը, որպես «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի պակասող առանցքային օղակ, դառնալու են Սև ծովի նավահանգիստներից դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ կատարվող փոխադրումների ամենակարճ երթուղին։ Այս ծրագրերը տարածաշրջանի նկատմամբ զգալի հետաքրքրություն են առաջացրել ռազմավարական և ֆինանսական գործընկերների մոտ, որոնք ակնկալում են մասնակցել դրանց զարգացմանը պետական-մասնավոր գործընկերության հիման վրա։ Ծրագրերի իրագործման արդյունքում ակնկալվում է տարածաշրջանում տրանսպորտային ծախսերի և փոխադրության պայմանների էական բարելավում, ինչը
կնպաստի առևտրի խթանմանը և տնտեսական աճին, միաժամանակ ամրապնդելով Հայաստանի տնտեսությունը։

Նախագծերի իրագործելիության ուսումնասիրության տեխնիկական առաջադրանքը ստորագրվել է 2012թ. նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի և «Ռասիա ՖԶԷ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Բարկովսկու կողմից։ Արդեն իսկ բազմամիլիոն արտարժութային ներդրումներ պահանջող իրագործելիության ուսումնասիրության շուրջ աշխատանքները կապալառուի կողմից մեկնարկել են 2012թ. դեկտեմբերին, և պետք է իրականացվեն 18 ամիս ժամկետում։

Ըստ էության` այս ծրագրերով մեկնարկ է տրվում տարիներ շարունակ քննարկվող «Հայաստան-Իրան» երկաթուղու նախագծի իրականացմանը։ Մոտավոր գնահատականներով` այս երկաթուղու կառուցման համար կպահանջվի $1,5 մլրդ-ից մինչև $4 մլրդ: Երկաթուղին Հայաստանի տարածքով, նախնական գնահատականներով, պետք է անցնի Մեղրի-Սիսիան-Ջերմուկ-Մարտունի-Գավառ-Գագարին ուղղությամբ: Երկարությունը կազմելու է 313 կմ։

Մեկնաբանել