Տաջիկստանը ռուսական բազայի համաձայնագրի վավերացման պայմաններ է առաջ քաշել

Տաջիկստանի իշխանությունները մտադիր են իրենց երկրի տարածքում ռուսական ռազմաբազայի գտնվելու մասին համաձայնագիրը վավերացնել միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանը կատարի տաջիկ միգրանտներին արտոնյալ ռեժիմ տրամադրելու և նավթամթերքների մատակարարումների մաքսատուրքերի չեղյալ հայտարարման իր խոստումները։ Այս մասին գրում է ռուսական «Կոմերսանտ» թերթը՝ վկայակոչելով Տաջիկստանի արտգործնախարար Համրոխոն Զարիֆիի խոսքը։

Նախօրեին՝ հունվարի 17-ին, Տաջիկստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի հետ հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Դուշանբեում տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ 2012թ․ հոկտեմբերին Տաջիկստան կատարած այցի ընթացքում ձեռք բերված համաձայնագրերի իրականացումը։

Այդ այցի ընթացքում ստորագրվել էր համաձայնագիր Տաջիկստանի տարածքում ռուսական 201-րդ ռազմաբազայի՝ Ռուսաստանի սահմաններից դուրս ռուսական խոշորագույն ցամաքային ռազմական օբյեկտի գտնվելու ժամկետը 30 տարով երկարաձգելու մասին։

Այդ նույն ժամանակ Մոսկվան խոստացել էր տաջիկ միգրանտների համար սահմանել արտոնյալ ռեժիմ, չեղյալ հայտարարել Տաջիկստան նավթամթերքների մատակարարումների արտահանման մաքսատուրքերը, միջոցներ հատկացնել տաջիկական բանակի վերազինման համար և դիտարկել ռուսական ներդրումների հանարավրությունը տաջիկական գետերի վրա հէկերի կառուցման մեջ։

Ինչպես գրում է «Կոմերսանտը», Մոսկվան իր հերթին ցանկանում է, որ Դուշանբեն լուծի մի շարք խնդիրներ նախքան Ռուսաստանը կկատարի իր խոստումները։ Մասնավորապես՝ կարգավորի աշխատանքային միգրանտների հոսքը, ինչպես նաև երաշխավորի, որ Տաջիկստանին առանց մաքսատուրքերի վաճառված նավթամթերքները չեն վերավաճառվելու երրորդ երկրների։

Մեկնաբանել