Աճեցնում են վարունգը

Ուրեմն, իշխանությունների պրոբլեմը չէ ընդդիմադիր աճեցնելը: Ես ստիպված եմ թվարկել այն երկրները, որտեղ նույնպես իշխանությունն այդպիսի պրոբլեմ չունի՝ Հյուսիսային Կորեա, Թուրքմենստան, Հասարակածային Գվինեա, Բելառուս: Բայց սա վերջը չէ: Եթե վերջը լիներ, ինչպես Հայաստանում է (հիշո՞ւմ եք՝ «Սա Հայաստանն է և վերջ»), ուրեմն ցանկացած բռնապետ պետք է թագավորեր, մինչև երկրի վրա Աստծո թագավորության հաստատումը:

Կենտրոնական Աֆրիկայի բռնապետ Ժան Բեդել Բոկասան անձամբ չէր աճեցնում ընդդիմադիրներին, բայց ուտում էր անձամբ: Այս մարդու խիստ մանկահասակ երեխաներից մեկը մեկ անգամ սխալմամբ սպանում է իր ծառային, նախագահ հայրը նրան պատժում է մեկ շաբաթ թեյից զրկելով: Մյուս որդին հիշում է, որ սպանությունն օրինաչափ էր, քանի որ Բոկասայի թիկնազորից ոչ մեկը չէր կարողանում մերժել երեխաներին, երբ վերջիններս ատրճանակ էին պահանջում սոխակների վրա կրակելու համար: Հասկանու՞մ եք, ոչ ոք ձեզ չի պարտավորեցնում ընդդիմադիր աճեցնել: Եվ հայերենը, որով դուք այդպիսի նախադասություններ եք ասում, կրակոց է ենթադրում ինչ-որ մեկի երեխայի ուղղությամբ: Եթե ասվածը ձեզ չափազանցություն է թվում, ուրեմն չափազանցություն է ամեն Աստծո օր այս երկրում որևէ մեկի մահը, որովհետև 2,508 միլիոն ընտրողներից հազիվ 2-3-ը ձեր աճեցրածը լինեն, որոնք, ի դեպ, համախոհներ են: Զգույշ եղեք, ժողովրդավարական երկրներում, որտեղ ընդդիմություն չի աճում, աճում են մարդիկ, որոնք առանց դատ ու դատաստանի ոչնչացրեցին Ռումինիայի և Լիբիայի բռնապետերին: Նրանք էլ ընդդիմադիրներ չէին աճեցնում: Եվ թույլ չէին տալիս, որ ընդդիմությունն ինքն իրեն, առանց որևէ մեկի միջամտության աճի:

Ուգանդայի բռնապետ Իդի Ամինն ընդդիմադիրներին ուտելուց առաջ գրություններ էր ուղարկում. «Ես սիրում եմ ձեզ»: Եվ դա նրանից չէ, որ իշխանության էր եկել, ասենք՝ պետական հեղաշրջման ճանապարհով: Այդ մարդը պարզապես մարդակեր էր… և վերջ: 1996-ից ի վեր ցանկացած իշխանություն Հայաստանում ղեկավարում է պետական հեղաշրջում իրականացրածի մենթալիտետով, որովհետև իշխանությունն ամրապնդում է բանակի, հատուկ ծառայությունների և օլիգարխիայի վրա հենվելով: Այլապես դուք ի՞նչ եք հասկանում «պետական հեղաշրջում» ասելով: Հարցազրույցը, որ երկրի փաստացի ղեկավարը տվել է «Ազատություն» ռադիոկայանին և որից հատված է հրապարակվել, պետական մակարդակի հեգնանք է Հայաստանի Հանրապետության հասցեին: Երբ մարդիկ երկու հային բաժանում են ապարանցու և ղարաբաղցու, այս պետական հեգնանքից են ածանցում այդ տարբերակումը:

Այս երկրի փաստացի ղեկավարը, որն, անկասկած, դիակների վրայով իշխանության եկած Հայաստանի առաջին նախագահն է, գերազանց գիտի, որ նույնիսկ Նելսոն Մանդելան ուժեղ մրցակից չէ: Որովհետև փակ հեռուստադաշտի, վերահսկվող տեղեկատվական աշխարհի պայմաններում իսկապես չի կարող մրցակից ունենալ: Եվ փաստը, որ Տեր-Պետրոսյանը հրաժարվում է պայքարից «տարիքի բերումով», բացատրվում է հենց այն փաստով, որ մարդը չի ուզում «ուտվել»: Նա ասում է. «Ես համադամ չեմ, և այս ժողովուրդն էլ համադամ չէ»: Հենց դա նկատի ունի, երբ ասում է, որ եթե մի կողմ քաշվի, իրենք իրենց կուտեն: Եվ երբ իշխանությունն ընդդիմություն չի աճեցնում, պետք է հիշի, որ աճեցնում են վարունգը: Իսկ աճեցված «ընդդիմությունն» այլ բան չէ, քան՝ վարունգ: Կային, չէ՞, այդպիսի ընդդիմություններ՝ Հայկ Բաբուխանյան, Արտաշես Գեղամյան: Նախկինում սրանց վիրավորում էիք «հաճախորդներ» բառով: Ի դեպ, նույն հարցազրույցում ասել է, որ «որևէ մեկին ինձ հակառակորդ չեմ համարում»: Ուրեմն «հաճախորդներ» կարող են լինել, իսկ հակառակորդ՝ ոչ: Այդ դեպքում՝ ինչու՞ էիք վիրավորում նախկին հաճախորդներին: Կերե՞լ եք նրանց: Ոչ, իհարկե: Այսօր նրանք նույնիսկ որպես վարունգ ուտելի չեն, չէ՞: Որովհետև ընդդիմություն չեն աճեցնում, աճեցնում են «հաճախորդներին»: Ընդդիմությանը միայն կարելի է ուտել: Մարտի 1-ի զոհերը՝ վկա:

Մեկնաբանել