Ազատ ընտրությունները իսկական ընտրություններն են, և եթե մեր իշխանությունը նախապես չի ստեղծել երաշխիքներ, որ ընտրություններն ազատ կլինեն, ապա ինքը պիտի չմասնակցի ընտրություններին. իմ հացադուլը պայքար է դրա համար. «Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդման շրջանակում՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի բակում նշեց ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը:
Նա հույս ունի, որ իր շուրջօրյա, առանց վրանի հացադուլն արդյունք կտա. «Եվ հետաքրքիր էլ չէ, թե քանի լրատվամիջոց, քաղաքագետ կամ քաղաքական գործիչ է կանխատեսում, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իմ խնդիրը չի բավարարվի»,- ասաց նա՝ նշելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի արդյունքում Ազատության հրապարակը վերադարձվեց հանրությանը: Նա հաղորդեց նաև, որ այսօր հանդիպել է Րաֆֆի Հովհաննիսյանին, ով իրեն խորհուրդ է տվել երկար հացադուլ չանել, «քանի որ հասնում է մի պահ, երբ քեզ թվում է, թե առողջական առումով դու տիրապետում ես իրավիճակին, սակայն իրականում այդպես չի լինում»:
Ըստ նրա՝ եթե կա անարդարություն, դրա դեմ պետք է պայքարել բոլոր արդյունավետ միջոցներով, «թեկուզ ակադեմիայի դիմաց միայնակ հացադուլ անելով»: «Մի քանի մտավորականներով հավաքվել ենք երկիրն այս վիճակից հանելու համար»,- նշեց նա:
Անդրիաս Ղուկասյանը կրկնեց իր դիրքորոշումը, որ ճիշտ է գտնում թեկնածությունը հանելը՝ մյուս թեկնածուների հետ համախմբվելով: Սակայն պահի դրությամբ (քանի դեռ համախմբում չկա) շարունակելու է հացադուլը:
Նախագահի թեկնածուն պատրաստվում է ձմեռային գիշերներն էլ անցկացնել ակադեմիայի դիմաց՝ «Վերջ կեղծ ընտրություններին» և «Stop Fake Elections» պաստառների միջև դրված իր աթոռին: «Այս պահին երկուսուկես հազար զինվոր դիրքերում կանգնած է նման ցուրտ պայմաններում, և պատկերացրեք՝ նրանցից ոչ մեկն իմ պատրաստակամությունը չունի,- նշեց նա:- Պայքարն անպայման շարունակելու եմ»:
Ղուկասյանը հավաստեց, որ ընտրություններից հետո շարունակելու է քաղաքական գործունեությունը՝ կամ որպես նախագահ, կամ որպես ընդդիմադիր գործիչ: