Պակիստանը ազատ կարձակի բոլոր տալիբներին

Պակիստանի իշխանությունները պատրաստ են ազատ արձակել իրենց երկրի տարածքում պատիժ կրող աֆղանցի բոլոր տալիբներին։ Այս ամսին տեղեկացրել է Պակիստանի արտգործնախարար Ջալիլ Ջիլանին ԱՄՆ-ի և Աֆղանստանի ներկայացուցիչների հետ բանակցություններից հետո։

Հարցին, թե տարածվում է արդյոք այս խոստումը «Տալիբան» շարժման ղեկավարությունում կարևորությամբ երկրորդ ֆիգուրի՝ մուլլա Բարադարի վրա, Ջիլանին պատասխանել է․ «Մեր նպատակն է ազատ արձակել բոլորին»։

Այս ճանապարհին առաջին քայլն Իսլամաբադն արել էր 2012թ․ նոյեմբերին։ Այդ ժամանակ ազատ էր արձակվել տալիբների կառավարությունում արդարադատության նախկին նախարար Նուրուդդին Թուրաբին։ Հենց նա է պատասխանատու եղել տալիբների կառավարման ընթացքում՝ 1996-2001 թթ․, հրապարակային մահապատիժների համար։ Բացի այդ՝ հենց Թուրաբին է ընդունել Բամիանում Բուդդայի արձանները պայթեցնելու որոշումը։ Նաև ազատ էր արձակվել Անվար ալ Հաք Մուջահիդը, որը եղել է տալիբների գործողությունների հրամանատարը Թորա Բորայի քարանձավներում, որտեղ ժամանակին թաքնվել է Ուսամա բեն Լադենը։

Ներկայում պակիստանյան բանտերում կա ավելի քան հարյուր տալիբ։ Ձգտելով նրանց ազատ արձակմանը՝ Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը հույս ունի ընդդիմության արմատական հատվածին ներգրավել խաղաղ գործընթացում։

Շատ փորձագետներ, սակայն, Քաբուլի՝ արմատական մուսուլմանների «ընտելացման» քաղաքականությունը չափազանց ռիսկային են համարում։ Տալիբների ազատ արձակումը չի նշանակում, որ նրանք կդառնան համաձայնության գալու ավելի ունակ։ Հակառակը՝ հայտնվելով ազատության մեջ՝ նրանք կարող են ակտիվացնել ջանքերը՝ ուղղված Քարզայի տապալմանը, որին համարում են ԱՄՆ-ի խամաճիկը։ Բացի այդ՝ կրկին կառաջանա Հարավային Ասիայի մյուս երկրներում արմատական իսլամիզմի տարածման սպառնալիք։

Մեկնաբանել