Սփյուռքի նախարարն ընդունել է սփյուռքահայ բարձրաստիճան զինվորականներին

ՀՀ սփյուռքի նախարարությունում այսօր տեղի է ունեցել հանդիպում այլ երկրներում բարձրաստիճան կոչումներ ունեցող և պաշտոններ զբաղեցնող ազգությամբ հայ զինվորականների հետ. տեղեկանում ենք սփյուռքի նախարարության հաղորդագրությունից:

Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով հունվարի 25-ից Հայաստան են ժամանել Ռուսաստանից` գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Չոբանյանը, գեներալ-մայոր Ռոման Հարությունովը, Լիբանանից` բրիգադի գեներալ, պետական նախարար Փանոս Մանջյանը, Չիլիից` ծովակալ Հեռնան Կույումջյանը, Ֆրանսիայից` գնդապետ Ռուբիկ Գալստանյանը:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ասել է. «Զինվորական կոչումներից ու մասնագիտությունից զատ մեր հյուրերին միավորում են նրանց հայկական արմատները: Հայրենիքի հանդեպ պարտքի բարձր գիտակցությամբ նրանցից յուրաքանչյուրը յուրովի է մասնակցել հայկական բանակի կազմավորմանն ու Արցախյան գոյամարտին: Մեր սփյուռքահայ զինվորականները հայկական զինված ուժերի կազմավորման 21-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում այցելել են Հայաստան` ոչ միայն մասնակցելու տոնակատարություններին, այլև իրենց փորձն ու գիտելիքները հայկական բանակին հաղորդելու պատրաստակամությամբ: Մեր ազգի պանծանքն ու պատիվն են նրանք, քանի որ կարողացել են օտար ափերում բարձր կոչումներ ստանալ, իսկ առավել կարևոր է այն հանգամանքը, որ մեր հայրենակիցները օտար երկրներում ներկայացնում են նաև իրենց արմատները, հայ ազգը, ժողովուրդը»:

Այնուհետև բարձրաստիճան զինվորականներից յուրաքանչյուրը ներկայացրել է իր երկրում ձեռք բերած հաջողությունները, հայկական նպատակասլացության գաղտնիքը, ինչպես նաև ռազմական ոլորտում մասնագիտական առաջընթացի հնարավորությունները:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրել է նախարարության գործունեությունը, սփյուռքյան տարբեր համայնքներում իրականացվող ծրագրերը, նախարարության հետազոտությունները և հրատարակությունները: Զինվորականները խոսել են նաև իրենց համայնքներում առկա հիմնախնդիրների մասին:

Հանդիպման ավարտին նախարարության ստորաբաժանումների ներկայացուցիչներն ու բարձրաստիճան զինվորականները մտքեր են փոխանակել հայկական բանակի, իրենց երկրներում հայկական գործոնի, Հայրենիք-Սփյուռք գործակցության մասին:

Մեկնաբանել