Արոտավայրեր Իրանին չեն կարող տրվել մարզպետարանի մի աշխատակցի ստորագրությամբ. Հրայր Թովմասյան

ՀՀ Ազգային ժողովում այսօր հարցուպատասխանի ընթացքում «ՀՅԴ» խմբակցությունից Աղվան Վարդանյանը բարձրացրեց Սյունիքի մարզի արոտավայրերը Իրանին վարձակալության տալու լուրերին, նշեց, որ նման պայմանագրի քաղաքական, տնտեսական, բնապահպանական և սոցիալական նշանակությունը նույնիսկ ուսումնասիրված չէ:

«Երեկ տարածքային կառավարման նախարարությունը պարզաբանել է, որ առայժմ որևէ նման իրավական գործընթաց գոյություն չունի, սակայն հարցերը մնում են,- ասաց նա՝ մանրամասնելով,- կան Սյունիքի մարզի պաշտոնյաների ստորագրությունները այս փաստաթղթերի՝ ավելի ճիշտ, կիսագրագետ թղթերի տակ: Երկրորդ, ՏԿՆ-ի պարզաբանումից հետո Aravot.am կայքում հայտնվել է Սունիքի մարզի վարչության պետի հարցազրույցը, որտեղ այդ մարդը գովերգում է իրենց նախա-նախա-նախա-նախաձեռնությունը: Երրորդ, ՏԿՆ-ի պարզաբանման մեջ հղում կա կառավարության երկու որոշումներին, որոնք էական կապ չունեն խնդրո առարկայի հետ՝ մեկը վերաբերում է արոտավայրերի օգտագործման կարգին, պետական սեփականության արոտավայրերից օգտվելու պայմանագրերի ձևին: Չորրորդ, հողային օրենսգիրքը նախատեսում է նման պայմանագրերը կնքել մրցույթով, սակայն մրցույթի կարգ կառավարությունը դեռ չի սահմանել: Եվ հինգերորդ՝ հիմնական հարցը. ի՞նչ է տալու հնարավոր այդ գործարքը Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի գյուղացիությանը, ինչո՞ւ հնարավոր չէր պետականորեն երաշխավորել մսամթերքի ու կաթնամթերքի իրացում, և անասնապահության զարգացմանը մասնակից դարձնել մեր գյուղացիներին ու տնտեսվարողներին: Կառավարությունը գիտակցո՞ւմ է պետական և համայնքային հողերը օտարերկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձանց վարձակալության տալու տնտեսական, քաղաքական, հոգեբանական, բնապահպանական հետևանքները»:

Հարցերին ի պատասխան՝ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշեց, որ տարածաշրջանում տասնյակ միլիոնների ներդրումներ են անհրաժեշտ անասնապահության ոլորտում, և այս պատճառով վարձակալությունը կարող է շահավետ լինել: «Սակայն եթե նման հարց քննարկվի, դա չի կարող լինել մարզպետարանի մի աշխատակցի արևմտահայերենով թարգմանված մի փաստաթղթի տակ դրված ստորագրության հիման վրա: Մեր օրենսդրությունն այս առումով բավականին խիստ է, հրապարակայնության բավականին մեծ դաշտ է սահմանում, և այս ընթացակարգով կանցնի»,- ասաց նա՝ չցանկանալով անդրադառնալ «չեղած բանի» քաղաքական, բնապահպանական և այլ տեսանկյուններին:

Մեկնաբանել