2012թ. 4-րդ եռամսյակում գնված յուրաքանչյուր 6-րդ անհատական համակարգիչը iPad- է

2012թ. 4-րդ եռամսյակում համաշխարհային շուկա մատակարարված յուրաքանչյուր 6-րդ անհատական համակարգիչը եղել է Apple-ի iPad պլանշետ, ինչն էլ օգնել է ամերիկյան ընկերությանը գրավել շուկայի ավելի քան 20%-ը, հաղորդում է Canalys-ը:

Ի տարբերություն IDC և Gartner ընկերությունների փորձագետների` Canalys-ի վերլուծաբանները պլանշետները համարում են անհատական համակարգիչներ:

Նշենք, որ Apple-ը 2012թ. 4-րդ եռամսյակում համաշխարհային շուկա է մատակարարել շուրջ 27 մլն պլանշետ և Mac համակարգիչ: Ընդ որում` iPad mini պլանշետները կազմել են մատակարարված պլանշետների կեսից ավելին:

Համեմատության համար նշենք, որ ամերիկյան Hewlett-Packard-ի (HP) համակարգիչների մատակարարումները կազմել են 15 մլն (շակայի 11%-ը), չինական Lenovo-ինը` 14,8 մլն (շուկայի 11%-ը), հարավկորեական Samsung-ինը` 11,7 մլն (շուկայի 9%-ը), ամերիկյան Dell-ինը` 9,7 մլն, ամերիկյան Amazon առցանց խանութինը` 4,6 մլն:

Ընդհանուր առմամբ, Canalys-ի տվյալների համաձայն` 2012թ. 4-րդ եռամսյակում համաշխարհային շուկա է մատակարարվել շուրջ 134 մլն համակարգիչ, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է 12%-ով:

Հատկանշական է, որ ամերիկյան IDC հետազոտական ընկերության տվյալների համաձայն` անհատական համակարգիչների մատակարարումները (չհաշված պլանշետները) կրճատվել են 6,4%-ով` մինչև 89,8 մլն սարքավորում:

Մեկնաբանել