Խորհրդակցելով իր բժիշկների հետ ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, ով հացադուլի մեջ է գտնվում քարոզարշավի մեկնարկի օրվանից՝ արդեն 19 օր, համաձայնել է անցնել բոլոր հետազոտությունները ՝ չլքելով հացադուլի վայրը: Ըստ Ղուկասյանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ նրա շտաբում հավանական են համարում, որ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի՝ հոսպիտալում հետազոտվելու առաջարկը կլինի նրան հարկադրաբար հացադուլից հանելու միջոց:
«Ամբողջությամբ կողմնակից լինելով Անդրիաս Ղուկասյանի առողջության ընթացիկ վիճակի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունը հանրությանը տրամադրելուն` միաժամանակ ունենք մտահոգություն, որ առողջապահության նախարարի առաջարկը Անդրիաս Ղուկասյանի համալիր ստուգման մասին նրան հարկադրաբար հացադուլից հանելու միջոց կդառնա` հոսպիտալացնելու պատճառաբանությամբ, ինչի մասին ակնարկել է Դերենիկ Դումանյանը:
Անընդունելի համարելով հարկադրանքի որևէ մոտեցում, ինչպես նաև քննարկելով խնդիրը Անդրիաս Ղուկասյանի բժիշկների հետ` որոշել ենք` Անդրիաս Ղուկասյանը փետրվարի 11-ին կհանձնի արյան և այլ անալիզներ` չլքելով հացադուլի վայրը: Այդ հետազոտությունների արդյունքում, եթե ակնհայտ դառնա անհրաժեշտ լրացուցիչ բժշկական ստուգումների անցկացումը, ապա դրա վերաբերյալ կընդունվի հավելյալ որոշում»,- նշված է հաղորդագրության մեջ: