Իդեա ֆիքս

Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեյսին ասուլիս էր հրավիրել, որի գլխավոր թեման Սյունիքի մարզում Իրանին արոտավայրեր տրամադրելու հարցն էր: Դեսպանն ասել է, որ Սյունիքի արոտավայրերը Իրանի Արևելյան Ատրպատականի նահանգին վարձակալության հանձնելու պայմանագիր ստորագրված չէ, և գուցե ինչ-որ թյուրիմացություն կա:

Հայաստանում լրատվամիջոցներն ու ակտիվիստները հայ-իրանական անասնապահական ծրագրի գաղափարը արդեն քանի օր է՝ քննադատում են, առանց խոր և լուրջ քննարկման ու տեղեկատվության՝ այն որակում ազգային դավաճանությանը հավասար քայլ:

Մեզ մոտ ազգային երևալը [ոչ թե լինելը] մի տեսակ դարձել է ինքնանպատակ, իդեա ֆիքս, երբ որևէ գաղափար կամ նախագիծ միանգամից հայտնվում է անգութ հարձակման թիրախում: Մի կողմից, իհարկե, դրական է, որ այս կամ այն խնդրի նկատմամբ հասարակական մտահոգություն կա, մյուս կողմից՝ վտանգավոր, երբ որևէ խնդիր դառնում է ինքնանպատակ, ու գործողությունների շարժիչը դառնում է ոչ թե ռացիոնալ դատողությունը, այլ ինքնախաբությունը:

Հայաստանի ու Իրանի միջև բազմաթիվ ծրագրեր և նախագծեր կան՝ երկաթուղի, նավթամուղ, բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծ, Մեղրիի ՀԷԿ և այլն: Այս ծրագրերից մի քանիսը վաղուց արդեն ընթացքի մեջ կամ ավարտված պետք է լինեին, մինչդեռ չեն էլ սկսվել: Սակայն նման հարցերը հայ հանրությանը չեն հետաքրքրում. ավելի կարևոր է դեռևս գոյություն չունեցող նախագծի շուրջ աղմուկ-աղաղակը և Իրանի դեսպանի վրա մատ թափ տալը:

Եթե անասնապահական այդ նախագիծն իրոք Հայաստանի ազգային անվտանգության հարց է, ապա դրա համար պետք է լինի հանրային և փորձագիտական խորքային քննարկում՝ խնդրի բոլոր դրական և բացասական կողմերի ներկայացմամբ ու վերլուծությամբ: Դրանից հետո միայն պետք է որոշվի՝ արդյո՞ք ծրագիրը բխում է երկրի շահերից, արդյո՞ք այն պետք է փոփոխության ենթարկվի, ի՞նչ է շահելու հայկական կողմը և ի՞նչ է տալու, ճի՞շտ է արդյոք դրա իրականացումն ընդհանրապես:

Այդ քննարկումը չկա: Փոխարենը կա չտրամաբանված բնազդային հակազդեցություն որոշակի բառերի ու երևույթների նկատմամբ… և՝ ոչ միայն այդ հարցում:

Մեկնաբանել