ԱՄՆ-ում կպատժվեն վատ սովորող երեխաների ընտանիքները

Մինչ Եվրամիությունը շարունակում է յոթամյա բյուջեներ ընդունել՝ ԱՄՆ-ը ոչ մի վայրկյան չի դադարում իր հարկաբյուջետային քաղաքականությունն օպտիմալացնել: Այսպես՝ Կալիֆորնիան բարձրացնում է հարկերը, Տեխասը բնակիչներին վերադարձնում է արդեն վճարվածը, Լուիզիանան պատրաստ է վերացնել բոլոր ուղիղ հարկերը՝ թողնելով միայն վաճառքներից ստացվածները: Իսկ ահա Թենեսիի իշխանությունները բավական հեռու են գնացել այս առումով. նրանք առաջարկում են կրճատել այն ընտանիքների սոցիալական նպաստները, որոնց երեխաները վատ գնահատականներ են ստանում դպրոցում:

Թենեսին հին ամերիկյան Հարավի պահպանողական նահանգ է, որն ունի կրթական համակարգի վերաբերյալ իր ուրույն պատկերացումը: Մի քանի տարի առաջ այնտեղ առաջարկում էին պատմության դասագրքերից հանել հիշատակություններն այն մասին, թե ինչպես են իրենց հիմնադիր հայրերը վերաբերվել հնդկացիներին ու սևամորթներին: Չէ՞ որ դպրոցը պետք է հայրենասեր դաստիարակի, ոչ թե՝ իրավապաշտպան:

Վատ գնահատականների համար տուգանքի հետ մեկտեղ Թենեսին մտադիր է դպրոցի ուսուցիչներին պարտադրել ծնողներին տեղյակ պահել երեխաների մոտ նկատվող միասեռական միտումների մասին:

«Վատ սովորելը» բավական մեղմ է ձևակերպված. երեխաները պարտավոր չեն հաղթել օլիմպիադաներում, ցուցաբերել հասարակական ակտիվություն և բոլոր քննությունները հանձնել А+-ի: Բավական է չմնալ նույն դասարանում և հիմնական առարկաներից ստանալ D՝ երեք:

Թենեսին ամերիկյան առաջին նահանգը չէ, որը երեխաներին յուրօրինակ կերպով խրախուսում է սովորել: Միչիգանում, Իլինոյսում և Կարոլինայում 9-ից ավելի անհարգելի բացակա ունեցող երեխաների ծնողներին սպառնում է կա՛մ 500 դոլարի տուգանք, կա՛մ կես ամսվա ազատազրկում: ԱՄՆ որոշ նահանգներում աշակերտների քննական արդյունքներն անգամ անդրադառնում են ուսուցիչների աշխատանքի գնահատման վրա. դրականի դեպքում ուսուցիչը պարգևավճար է ստանում, բացասականի դեպքում՝ հեռացվում աշխատանքից:

Մինչդեռ որևէ նահանգում չեն հասել այն բանին, որ ֆինանսապես պատժեն նրանց, որոնցից ամենաշատն է կախված երեխայի լավ կամ վատ սովորելը՝ ծնողներին: Չէ՞ որ եթե ընտանիքը սոցիալական նպաստ է ստանում՝ նշանակում է, որ նրա կյանքը բարեկեցիկ չէ: Ֆինանսական այս դրությունը սերնդե սերունդ չփոխանցելու մեկ միջոց կա՝ կրթությունը:

Մեկնաբանել