Այս ընտրությունները 2018-ի համար են. Հրանտ Տեր-Աբրահամյան

Այս ընտրությունները ոչ թե այս տարվա, այլ 2018-ի համար են, և սրանցով իշխանությունը նախապատրաստում է իր հաջորդ ժառանգորդին: ՍիվիլՆեթի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը:

«2018թ. բարդ ընտրության առաջ կկանգնենք, եթե հասարակությունը իր մեջից չկարողանա լուրջ այլընտրանք ստեղծել, այդ դեպքում մենք կկանգնենք վատի ու վատթարագույնի, իշխանության ներքին բաժանումներից առաջադրված թեկնածուների միջև ընտրության առջև: Կարծում եմ` կլինեն փողոցային, արհեստական ընդդիմություններ ստեղծելու փորձեր»,- նշեց Հրանտ Տեր-Աբրահամյանը` հավելելով, որ օլիգարխիայի դեմ պայքարի անվան տակ կլինի ռեսուրսների վերաբաշխում, և քանի որ հասարակության միջից դրա դեմ իրական պայքար չկա, պարզապես կվերածվի ռեսուրսների վերաբաշխման:

«Կարծում եմ` ընտրություններից հետո նման սցենար կարող է լինել, և դա ենթադրում եմ մամուլից և Սերժ Սարգսյանի ու իշխանական մամուլից»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով Հայաստանում քաղաքացիական ակտիվությանը` հրապարակախոսը նշեց, որ քաղաքացիական ակտվիզմի գագաթնակետը գրանցվել է 2009-2010 թթ., իսկ վերջին մեկ տարում դաշտը ճահճացել է:

Տեր-Աբրահամյանի համոզմամբ` քաղաքացիական ակտիվիզմը կարող է ուժեղանալ միայն քաղաքական երկբևեռ ուժեղ համակարգի դեպքում, երբ երկրում առկա լինի ընդդիմադիր ուժեղ քաղաքական ուժ:

Մեկնաբանել