Դատախազությունը ստացել է 10 ահազանգ

ՀՀ դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ ժամը 14:30-ի դրությամբ դատախազության թեժ գծով ստացվել է 10 ահազանգ, որոնք օրենքով սահմանված կարգով գրանցվել են և ուղարկվել համապատասխան քննչական մարմիններին։

Հաղորդագրությունում մասնավորապես, ասված է. «2013թ. փետրվարի 18-ին ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծին զանգահարել է Լոռու մարզի Տաշիր քաղաքի բնակիչ Ս. Մարգարյանը և հայտնել, որ տարածաշրջանի բոլոր գյուղերում ՀՀԿ-ի կողմից մեկ անձին 25 կգ չափաբաժնով ալյուր է բաժանվում, իսկ գյուղապետերը 5000 դրամ ընտրակաշառք են բաժանում: Գումարը քիչ համարողներին տալիս են 10 000 դրամ:
Հեռախոսազանգի հեղինակը միաժամանակ նշել է, որ իրեն էլ են ընտրակաշառք առաջարկել, սակայն չի վերցրել, իսկ կոնկրետ անուններ նշել չի կարող:
Հիշյալ հաղորդումն ուղարկվել է ոստիկանության Լոռու մարզի բաժին` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և քրեաիրավական գնահատական տալու համար:

Նույն օրն ահազանգ է ստացվել նաև մի քաղաքացուց (քաղաքացին ներկայացել է, սակայն նրա իսկ խնդրանքով ինքնությունը չենք հրապարակում), ով հայտնել է, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում թիվ 1, 2 և 3 դպրոցներում տեղակայված ընտրատեղամասերում քաղաքացիներն արձանագրել են, որ իրենց փոխարեն արդեն քվեարկել են: Հիշյալ հաղորդումն ուղարկվել է ոստիկանության Գեղարքունիքի բաժին` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և քրեաիրավական գնահատական տալու համար: Արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ»:

Մեկնաբանել