19 փետրվար, 2013 22:02

Ահազանգողները հաճախ հրաժարվել են աջակցել իրավասու մարմիններին. ոստիկանություն

Այսօր լրագրողները հանդիպել են նախագահական ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու և պատշաճ հասարակական կարգ պահպանելու նպատակով ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված օպերատիվ շտաբի անդամների հետ. տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից: Ներկայացվել է նախընտրական փուլում և ընտրությունների օրը ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կատարած աշխատանքը:

Հանդիպումը բացել է օպերատիվ շտաբի պետ, ոստիկանության պետի առաջին  տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:

Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը ներկայացրել է ընտրողների ցուցակների ճշգրտման ուղղությամբ իրականացված աշխատանքները:

Ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն անդրադարձել է նախընտրական շրջանում արձանագրված իրավախախտումներին և դրանց բացահայտման ընթացքին:

Ոստիկանության իրավաբանական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը հրապարակել է փետրվարի 18-ին գրանցված ընտրախախտումների վիճակագրությունը և անդրադարձել դրանց բացահայտման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին:

Հունան Պողոսյանը նշել է, որ վերջին օրերին և հատկապես փետրվարի 18-ին մի շարք ԶԼՄ-ներում ու սոցցանցերում բավական ինտենսիվ տեղեկություններ էին շրջանառվում ընտրախախտումների վերաբերյալ: Ոստիկանությունն օպերատիվ արձագանքել է ահազանգերին, և  ստուգումներով պարզվել է, որ դրանք հիմնականում ասեկոսեների վերարտադրության հետևանք են, փաստեր ու տվյալներ չեն պարունակում, իսկ մի շարք դեպքերում հաղորդում ներկայացրած անձինք հրաժարվել են հաստատող նյութեր տրամադրել կամ այլ կերպ աջակցել իրավասու մարմիններին: Լրագրողներին ներկայացվել են այս իրողությունը փաստող տեսագրություններ ու ձայնագրություններ:

Հունան Պողոսյանը հավաստել է, որ ոստիկանությունը հետևողական է լինելու նախընտրական շրջանում և ընտրությունների օրը արձանագրված իրավախախտումների բացահայտման և օրինախախտներին պատասխանատվության ենթարկելու հարցում, իսկ այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին պարբերաբար տեղեկատվություն կտրամադրվի հասարակությանը: