Ազատության հրապարակում էի՝ աջակցելու ժողովրդի իշխանության հաստատմանը. Նիկոլ Փաշինյան

Քաղաքական ակտիվ գործիչ, ԱԺ «ՀԱԿ» խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանն իր կայքում բացատրել է, թե ինչու էր գնացել Ազատության հրապարակ՝ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին: «Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումների, թե ինչպես է պետք մեկնաբանել իմ այսօրվա ներկայությունը Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած միջոցառմանը՝ հարկ եմ համարում հայտարարել հետևյալը.

Ազատության հրապարակ եմ այցելել նախևառաջ հարգանքի, հիացմունքի, խոնարհումի տուրքը մատուցելու ՀՀ քաղաքացուն, Հայաստանի ժողովրդին: Փետրվարի 18-ի քվեարկությամբ Հայաստանի ժողովուրդը հստակ և տարընթերցումների տեղիք չտվող պատասխան տվեց վերջին տարիներին իրեն ուղղված մեղադրանքներին և ապացուցեց, որ ոգեղեն ժողովուրդ է, ազատության ժողովուրդ է, ապագայի ժողովուրդ է: Մեր ժողովուրդն ընդ որում, այս փաստն ապացուցել է բազմիցս՝ բոլոր ճակատագրական պահերին արտահայտելով հստակ և սկզբունքային դիրքորոշում: Այդ մենք՝ քաղաքական գործիչներս ենք, որ դժբախտաբար` միշտ չէ, որ կարողացել ենք արժանի լինել մեր ժողովրդին և մատուցել նրան արժանի ծառայություն:

Ընթացիկ քաղաքական իրավիճակը առավել քան հստակ է. ժողովուրդը վստահության քվե է տվել ՀՀ նախագահի թեկնածու, հայրենադարձ գործիչ, «Ժառանգության» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին, ով պիտի հետագա զարգացումների վերաբերյալ իր պատկերացումները ներկայացնի հանրությանը, ժողովրդին:

Եվ այսօր իմ՝ Ազատության հրապարակում լինելը արձանագրումն է այն բանի, որ ուժերիս ներածին չափով պատրաստ եմ աջակցել այն քայլերին, որոնք միտված կլինեն Հայաստանում իրական, համակարգային փոփոխությունների հասնելուն, ժողովրդի իշխանության հաստատմանը: Ընդգծում եմ առանց սեթևեթանքների. Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած գործընթացներին իմ հետագա աջակցությունը կախված կլինի բացառապես դրանց քաղաքական և քաղաքացիական բովանդակությունից:

Հայաստանի ժողովրդին իրական հաղթանակների բերելը այն նպատակն է, որին ծառայել և ծառայելու եմ անմնացորդ»,- նշել է նա:

Մեկնաբանել