Երեկ կիրառվել են ընտրախախտումների մեզ հայտնի բոլոր տեխնոլոգիաները. Հ.Խուրշուդյան

Այս ընտրություններում կիրառվել են մեր պատմության մեջ կիրառված ընտրախախտումների բոլոր տեխնոլոգիաները. նշեց «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը «Կենտրոն» հեռուստատեսության բանավեճի շրջանակում: Երբեմն մարդիկ չեն կարողացել դիմակայել ճնշումներին, և ըստ նրա, դա բնական է: «Եթե մեր վստահված անձը՝ երիտասարդ աղջիկը, ճնշումների չի դիմանում, ուրեմն ի՞նչ, պետք է դիտորդ ընդունենք միայն տղաների՞: Եթե օրենքը չգործի, ոչինչ չի օգնի: Այնպես չի, որ միայն «Ժառանգության» նկատմամբ են ճնշումներ եղել, շատ դեպքերում արձանագրվել են խախտումների ՀՅԴ-ի ներկայացուցիչների, մյուսների նկատմամբ»,- ասաց նա՝ անդրադառնալով այն խնդրին, որ որոշ ընտրատեղամասերում «Ժառանգության» վստահված անձինք չեն դիմացել ճնշումներին և ինքնաբացարկ ներկայացրել:

Խուրշուդյանի խոսքով՝ գրանցվել են լցոնումներ, քվեաթեթիկների գողություններ, քվեաթերթիկները անվավեր դարձնելու դեպքեր, անձնագրերից մաքրվել են կնիքները, ընտրողներին ուղեկցել կամ բերել են տեղամասեր, վստահված անձանց նկատմամբ եղել են սպառնալիքներ, ճնշումներ, կաշառելու փորձեր: «Պատկերացրեք, որքան է Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին քվեարկությունը, որ նույնիսկ այդքան կեղծիքներից հետո որոշ տեղամասերում գրանցվել է նրա բացարձակ առավելությունը»,- ասաց նա: Խուրշուդյանի խոսքով՝ խախտումներ առավելապես եղել են գյուղերում: «Գյուղերում ուղղակի ճորտատիրական համակարգ է,- նշեց նա:- Նստած է գյուղապետը, և թույլ չի տալիս, որ գյուղացիները գցեն քվեաթերթիկը: Պիտի բերեն, ցույց տան իրեն, թե ինչպես են քվեարկել, նոր թույլ տա, որ գցեն քվեատուփի մեջ»:

Խուրշուդյանին հակադարձեց ԱԺ «ՀՀԿ» խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը. «Հանրությունն ընտրություններին երկփեղկված չէր: Տարբեր մարդկանց համակիրներ հանգիստ հաղորդակցվում էին. այս առումով որակապես այն տարբերվում էր: Հանրությունն արտահայտեց իր կամքը: Չեմ կարծում, թե խախտումներ չեն եղել, բայց այս ընտրությունների ժամանակ գոնե Երևան քաղաքում ճչացող խախտումներ չեն եղել»:

Ստյոպա Սաֆարյանը ներկայացրեց արձանագրված խախտումների 121 կետանոց ցուցակը՝ նշելով. «Այս խախտումներից ամեն մեկը կարող է վերաբերել բոլոր գրեթե 2000 տեղամասերին»:

«Երևում է՝ մենք տարբեր ընտրական տեղամասերում ենք եղել: Ես ոչ մի խախտում չեմ տեսել, դուք ահավոր խախտումներ եք տեսել»,- նշեց Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը՝ պնդելով, որ այս ընտրությունները «մեկ քայլ առաջ են, քանի որ իրենց խոսքն ազատ ասելու հնարավորություն են ունեցել բոլորը»: «Նաև, ես ընտրակաշառքը խախտում չեմ համարում: Եթե մարդն էդքան չի հասունացել, որ ձեզ լսի ու ընտրի, ասում ա՝ ինձ փող տվեք, որ ընտրեմ, դա էդ մարդու ընտրական մակարդակն ա, ու դա իր իրավունքն ա»,- հավելեց նա:

«Ես եկել եմ այն Հայաստանից, որտեղ պարոն Մազմանյանը չի բնակվում»,- արձագանքեց Արմեն Մարտիրոսյանը:

«Ի՞նչ է, էս տարի ծեծել ե՞ն Ձեզ»,- հետաքրքրվեց Մազմանյանը:

«Ես թույլ չեմ տա, որ ինձ ծեծեն,- պատասխանեց Մարտիրոսյանը,- բայց ես գալիս եմ այն Հայաստանից, որտեղ տեղամասերից մեկում արդյունքների ամփոփման ժամանակ, երբ տեսնում են, որ Րաֆֆի Հովհաննիսյանը 370 ձայնով հաղթում է Սերժ Սարգսյանին, որ ստացել է 325 ձայն, այդ ձայները ֆիզիկապես գողանում են: Ասում են՝ մենք ուզում ենք հաշվել այդ ձայները, տալիս է այդ ձայները և հանձնաժողովի այդ անդամը մեկ րոպեով դուրս է գալիս, երբ հետ է գալիս, ասում են՝ 170 ձայն է միայն: Ես որոշում եմ գնալ այդ հանձնաժողով: Որ իմանում են, որ ես գնում եմ, լույսերը անջատում են մի րոպեով, ու երբ միացնում են, տեսնում են, որ այդ քվեաթերթիկները ճմռթած վիճակով նորից հայտնվել են»:

Մեկնաբանել