Իրազեկ ընտրության հնարավորություն ստեղծելու համար բազում խնդիրներ կան. Բ.Նավասարդյան

Հայաստանում ձևավորվել է ընտրությունների լուսաբանման ֆորմալ սահմանումներին հետևելու ավանդույթը. նշեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը «Արմնյուզ» հեռուստատեսության «Բանաձև»-ի տաղավարում: «Իրազեկ ընտրության հնարավորություն ստեղծելու համար, սակայն, լրագրողների հետ պիտի աշխատեն նաև քաղաքական գործիչները: Այստեղ, բազմիցս նշել ենք՝ ունենք մի շարք խնդիրներ»,- ասաց նա:

Նավասարդյանը նշեց, որ «հերթական անգամ համոզվեցինք, որ լուսաբանման ծավալն ընտրությունների վրա չի ազդում»: Նա հիշեցրեց, որ Պարույր Հայրիկյանն ամենալուսաբանվածն էր՝ կապված մահափորձի և ԿԸՀ դիմելու անորոշության հետ, սակայն դա դրական չազդեց նրա քվեների վրա:

Թե նախկինում և թե հիմա հանրային գիտակցության վրա ազդեցության առաջին հորիզոնականում է հեռուստատեսությունը, իսկ ռադիոն ու թերթերը, որ նախկինում կիսում էին երկրորդ ու երրորդ տեղերը, ըստ նրա, հիմա իրենց տեղն են զիջում համացանցին:

Անդրադառնալով «Ի՞նչ անեն հավասար լուսաբանման պարտավորված լրագրողները, երբ դաշտում էպոսագետներ կան» հարցին՝ Նավասարդյանն ասաց. «Այս դեպքում լրատվամիջոցները պատանդ են մնում ընտրությունների լուսաբանման կարգին. նույնիսկ չի կարելի թույլ տալ այնպիսի սահմանումներ, որ հնչում էին հաճախ՝ օրինակ, «չորս հիմնական թեկնածուներ»: Վրաստանում լրատվամիջոցները, օրինակ, որպեսզի ոչ մեկին չառանձնացնեն, սակայն հարցազրույցի հրավիրեն այն թեկնածուներին, որ իրենց հետաքրքրում են, օգտվում են սոցիոլոգիական հարցումներից»,- նշեց նա: Նավասարդյանի խոսքով՝ սա առավել հասարակական խնդիր է, քան՝ քաղաքական. ինքը՝ հասարակությունը, պետք է պատրաստ լինի ընդունել միայն արժանի քաղաքական կերպարների:

Նավասարդյանը խոսեց նաև այն մասին, որ թեպետ բանավեճեր փորձեցին կազմակերպել գրեթե բոլոր լրատվամիջոցները, սակայն դրանք չկայացան:

Քվեարկության օրը Երևանի մամուլի ակումբի մոնիտորները լուսաբանումը դիտարկելիս արձանագրել են մի շարք խախտումներ, որոնք կներկայացվեն առաջիկայում:

Մեկնաբանել