23 փետրվար, 2013 12:43

Հաղթանակը մեր ձեռքից ոչ ոք չի խլելու. Րաֆֆի Հովհաննիսյան

Աշտարակի հրապարակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը հավաստեց, որ հաղթանակն իրենց ձեռքից ոչ ոք չի խլելու:

«Սիրելի հայրենակիցներ, Աշտարակի հպարտ քաղաքացիներ, ես եղել եմ այս հրապարկում, երբ այստեղ վախ էր, տարակույս էր: Բայց այսօր մենք եկել ենք մեր մարզ, մեր հանրապետություն՝ ասելու«բարև»:

Դուք չեք ընտրել Րաֆֆին Սերժի դեմ կամ «Ժառանգությունը» հանրապետականի դեմ: Դուք ընտրել եք ձեր երեխաների ապագան, և ես շնորհավորում եմ ձեզ:

Այս հաղթանակը Հայաստանի քաղաքացու վախի հաղթահարումն է, ով հասկացավ, որ ծերերը պիտի ունենան կենսաթոշակ, ներգաղթ՝ արտագաղթի փոխարեն:

Ինչ էլ լինի, արդեն նախորդ իշխանությունների որոշելիքն է՝ տանել այս պայքարը ապակայունացման, թե սահմանադրորեն շարժվել: Մեր կողմից ոչ մի ապակայունացում չի լինելու: Եթե մեկը ձեռքը բարձրացնի, ես կանգնելու եմ և ասելու եմ, հայ մարդու արյունը մի կաթիլ անգամ չի թափվելու, և ով ձեռք բարձրացնի, պատասխան պիտի տա»,- նշեց նա:

Հովհաննիսյանը նկատեց, որ դիմացի շենքից ազգային անվտանգության ծառայողները նկարահանում են իրեն: Նա դա որակեց «իրենց մասնագիտական աշխատանքի կատարում», և նշեց, որ եթե դուրս գան իրենց լիազորությունների շրջանակից և սխալ հրամաններ արձակեն՝ ընդդեմ ժողովրդի, ինքը մինչև վերջ կպայքարի՝ նրանց պատասխանատվության ենթարկելու համար:

Նա հավելեց, որ եղել է քաղաքապետարանում և շնորհավորել քաղաքապետին ժողովրդի հաղթանակի կապակցությամբ: «Կարծես թե ընդունեց ժողովրդի հաղթանակը»: Նա ողջունեց Շիրակի մարզպետի քայլը, և հավելեց, որ հրաժարական պիտի տա նաև Սյունիքի մարզպետը:

«Մեծ լիցք կա այս հրապարակում, որ մի ժամանակ դատարկ էր, իսկ հիմա՝ լեցուն,- ասաց նա:- շնորհավոր լինի մեր հաղթանակը»: