Զգուշացե՛ք ուսանողներից

Լուսանկարը՝ libcom.org

1968թ. մայիսին Նանտերում Փարիզի համալսարանում սկսվեցին ուսանողական ցույցեր, որոնք տարածվեցին երկրով մեկ և վերածվեցին համատարած գործադուլի: Գործադուլին մասնակցեց 11 միլիոն մարդ կամ Ֆրանսիայի ամբողջ բնակչության 22 տոկոսը: Պատմության մեջ երբևէ եղած այս ամենամեծ գործադուլը տևեց երկու շաբաթ և կաթվածահար արեց Ֆրանսիայի՝ աշխարհի ամենազարգացած երկրներից մեկի տնտեսությունը: Համալսարանից մի քանի ուսանողներ հեռացնելու ոչ համազգային խնդիրը վերաճեց բողոքի այնպիսի ընդվզման, որի արդյունքում ուղիղ մեկ տարի անց ստիպված էր հրաժարական տալ ժամանակակից Ֆրանսիայի ամենաազդեցիկ ղեկավարներից ու քաղաքական գործիչներից մեկը՝ Երկրորդ աշխարհամարտի հերոս Շառլ դը Գոլը:

Անշուշտ, 1968թ. Ֆրանսիայում համատարած ընդվզման հետևում կանգնած էին ուսանողական միություններ, արհմիություններ և կոնկրետ քաղաքական կուսակցություններ: Սակայն անկախ կազմակերպչական որակից՝ ընդվզման այդ ալիքը արտահայտում էր ոչ միայն բնակչության դժգոհությունը երկրում վարվող սոցիալ-տնտեսական քաղաքականությունից, այլև ընդհանրապես Դը Գոլի օրեցոր մեծացող ավտորիտար հակումներից, ինչը պետք է իր փաստաթղթային ձևակերպումը ստանար 1969թ. հանրաքվեին ներկայացված նոր սահմանադրությամբ, որը, սակայն, մերժվեց ֆրանսիացի ժողովրդի կողմից:

Ալժիրում արյուն թափած Դը Գոլը չհանդգնեց նույն ոտնձգությունն անել սեփական ժողովրդի նկատմամբ և հեռացավ:

1989թ. Պեկինի Տիանանմեն հրապարակում Չինաստանի կառավարությունը դաժանորեն ճնշեց ուսանողական բողոքի ցույցը՝ տանկերի տակ թողնելով մի քանի հարյուր ցուցարարների: Տիանանմենը դարձավ ազատությունը խեղդելու խորհրդանիշ և հոմանիշ…

Երևանում մի շարք համալսարանների ուսանողներ դասադուլ են սկսել՝ դրանով իրենց բողոքն արտահայտելով փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ: Նրանք հայտարարում են, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են իշխանությունների կողմից։

Այս ուսանողների հետևում չկան ուսանողական միություններ: Դրանք վաղուց ՀՀԿ-ական կոմսոմոլի ձեռքում են: Արդյոք ուսանողական այս ընդվզումը կվերաճի՞ բողոքի այնպիսի ալիքի, ինչպիսին Ֆրանսիայում էր կամ Չինաստանում, կամ էլ Հայասանում՝ 88-ին: Եթե այո, ապա խնդրի լուծման ո՞ր տարբերակը «կըմբոշխնեն» ՀՀ իշխանությունները՝ ֆրանսիակա՞ն, թե՞ չինական:

Հ․Գ․

Քառորդ դար առաջ Հայաստանում սկսվեց մի շարժում, որը վերաճեց համատարած դասադուլների ու գործադուլների: Շարժման օջախը նույնպես բուհերն էին:

Մեկնաբանել