Ծրագրային ապահովման մշակմամբ զբաղվող ամերիկյան Adobe Systems ընկերությունը ներկայացրել է սմարթֆոնների համար նախատեսված Photoshop Touch բջջային ծրագիրը, հաղորդում է Cnet-ը:
Նախկինում այս ծրագրով աշխատելու հնարավորություն ունեին միայն պլանշետները: Հատկանշական է, որ ծրագրի հեռախոսային և պլանշետային տարբերակների հնարավորությունները գործնականում նույնն են:
Photoshop Touch-ը համագործակցում է Adobe-ի Creative Cloud ամպային ծառայության հետ, որը նախատեսված է օգտատիրոջ տվյալների պահպանման համար: Սմարթֆոնի սեփականատերը հնարավորություն ունի նշված ամպային ծառայությունում պահել անավարտ աշխատանքները` հետագայում համակարգչում դրանք ավարտին հասցնելու նպատակով:
Photoshop Touch բջջային ծրագիր հնարավոր է տեղադրել iPhone 4S և iPhone 5 սմարթֆոններում, 5-րդ սերնդի iPod touch նվագարկչում, Android 4.0 և ավելի ցածր տարբերակների օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոններում:
App Store և Google Play օնլայն խանութներում նոր բջջային ծրագրի արժեքը $5 է:
Adobe-ը Photoshop Touch բջջային ծրագրի համանմանությամբ առաջարկում է նաև լուսանկարների խմբագրման Photoshop Express ծառայությունը: Այն տարածվում է անվճար, սակայն տրամադրում է միայն բազային հնարավորություններ: