1 մարտ, 2013 17:29

Microsoft-ը կտուգանվի «բրաուզերային» խտրականության համար

Եվրահանձնաժողովը մտադիր է տուգանել ամերիկյան Microsoft տեխնոլոգիական ընկերությանը` Windows օպերացիոն համակարգի տեղադրումից հետո միայն սեփական Internet Explorer բրաուզերից օգտվելու հնարավորություն տրամադրելու համար, հաղորդում է Reuters-ը: Հակամենաշնորհային իրավունքների խախտման համար պատիժը կարող է սահմանվել մինչև մարտի վերջը:

Microsoft-ի «բրաուզերային» գործը շարունակվում է շուրջ 10 տարի: Եվրահանձնաժողովն արդեն մի քանի անգամ զգուշացրել է ընկերությանը, սակայն նշված պահանջները չի իրականացվել: Այսպես, 2009թ. ամերիկյան ընկերությանը պարտադրվել է ցուցադրել բրաուզերների` Chrome-ի, Firefox-ի և Safari-ի միջև ընտրություն կատարելու հնարավորությամբ պատուհան: Սակայն 2009թ. հոկտեմբերին թողարկված Windows 7 օպերացիոն համակարգում նման գործառույթ չի ներդրվել: Այս քայլն ընկերությունը մեկնաբանել է որպես տեխնիկական սխալ և խոստացել շտկել այն:

2011թ. Microsoft-ին սկսել են մեղադրել RT պլանշետների համար նախատեսված Windows 8 օպերացիոն համակարգում վերոնշյալ գործառույթի ներդրման գործընթացից հրաժարվելու մեջ: Այս գործով Microsoft-ի` մեղավոր ճանաչվելու դեպքում նրան տուգանք կնշանակվի տարեկան շրջանառության 10%-ի չափով:

2008-ից ի վեր Internet Explorer-ի մասնաբաժինը բրաուզերների եվրոպական շուկայում կրկնակի կրճատվել է: StatCounter-ի վիճակագրության համաձայն` 2013թ. հունվարի դրությամբ Internet Explorer-ը` 24% տարածվածությամբ, գրավել է երրորդ տեղը: Առաջին հորիզոնականը զբաղեցրել է Google Chrome-ը (35%), երկրորդը` Mozilla Firefox-ը (29%):