Բեռլուսկոնիին կոալիցիա չեն ընդունում

Իտալիայի ձախակենտրոն կոալիցիայի առաջնորդ Պիեռ Լուիջի Բերսանին մերժել է նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի հետ քաղաքական դաշինքի ցանկացած հնարավորություն։ Այդպիսով՝ մնում է Իտալիայում կայուն կառավարության ստեղծման միայն մեկ հնարավորություն՝ կոալիցիա Բերսանիի կողմնակիցների և իտալացի հայտնի երգիծաբան ու բլոգեր Բեպե Գրիլոյի «Հինգ աստղերի շարժման» անդմաների միջև։

«Ես ցանկանում եմ հստակ նշել․ (Սիլիվիո Բեռլուսկոնիի գլխավորությամբ աջակենտրոնների հետ) մեծ կոալիցիայի գաղափարը չի դիտարկվում և երբեք էլ չի դիտարկվի»,- հայտարարել է Պիեռ Լուիջի Բերսանին իտալական La Repubblica պարբերականին տված հարցազրույցում։ Նշենք, որ ավելի վաղ Բեռլուսկոնին հասկացրել էր, որ որոշակի պայմանների դեպքում կարող է համաձայնել ձախակենտրոնների հետ դաշինքին։

La Repubblica-ի լրագրողի հետ զրույցում Պիեռ Լուիջի Բերսանին խուսանավել է պատասխանել նախարարների նոր կաբինետում պոպուլիստական «Հինգ աստղերի շարժման» հնարավոր դերի մասին հարցին։ Ինչևէ, նշենք, որ ավելի վաղ իտալական ավանդական կուսակցությունների հետ դաշինքի հնարավորությունը մերժել էր ինքը՝ «Հինգ աստղերի շարժման» առաջնորդ Գրիլոն։ Հարցին, թե նախարարների հաջորդ կաբինետը կլինի արդյոք փոքրամասնության կառավարություն, Իտալիայի պոտենցիալ վարչապետը պատասխանել է․ «Անվանեք այն, ինչպես կուզեք։ Ինձ համար այն կլինի փոփոխությունների կառավարություն»։

Հիշեցնենք, որ Իտալիայում փետրվարի 24-25-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում ձախակենտրոնները վերահսկողություն ստացան Պատգամավորների պալատի նկատմամբ։ Սենատում բացարձակ մեծամասնություն չստացավ կուսակցություններից ոչ մեկը։ Փորձագետները նշում էին, որ կայուն կառավարության ձևավորման համար ձախակենտրոնները ստիպված կլինեն դաշինք կնքել կա՛մ Սիլվիո Բեռլուսկոնիի, կա՛մ Բեպե Գրիլոյի հետ։

Մեկնաբանել