2 մարտ, 2013 00:10

Անհրաժեշտ է ընտրություններով իշխանություն ձևավորելու մեխանիզմ. Ալեն Սիմոնյան

«Ես ասում եմ՝ ընտրեք պոլիփետ, բայց թող լինի ընտրված, ես կոչ եմ անում ձևավորել ընտրություններով իշխանություն ձևավորելու մեխանիզմ»,- «Կենտրոն» հեռուստատեսության «Հայկական ուրբաթ» բանավեճի շրջանակում նշեց «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր Ալեն Սիմոնյանը: «Ես չեմ ընտրել Րաֆֆի Հովհաննիսյանին, ես կոչ չեմ անում ընտրել նրան: Բայց ես ասում եմ, եթե վաղը ուզենաք ընտրել Սերժ Սարգսյանին, չեք կարողանա, որովհետև ընտրական մեխանիզմ չկա»,- ասաց նա:

«Ինձ համար մեծագույն ուրախություն ա Րաֆֆի Հովհաննիսյանի արդարությունը՝ իր միտքը: Առաջին անգամ բարություն կա օպոզիցիայի մեջ: Բայց Ալենը ամեն ինչ փչացրեց... պոլիփետային իր բառերով»,- առարկեց երգչուհի, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանը: Ընտրախախտումների բուռն քննարկման շրջանակում Շուշան Պետրոսյանը նշեց. «Չե՞ք կարծում, որ ուղղակի պետք է ուժեղ լինել և չհրապուրվել այդ 5000 դրամներով»: «Գյումրին այդպես էլ արեց»,- պատասխանեց բլոգեր Իզաբելլա Աբգարյանը:

Ալեն Սիմոնյանը վստահ է, որ ժողովուրդը հրապարակ է դուրս գալիս, ուսանողները բողոքում են, քանի որ խնդիրները լուրջ են և իրական. «Եկեք հիմա գնանք 500 հոգով որևէ նորմալ ընտրված իշխանություն ունեցող երկրում, ասենք՝ եկեք դասադուլ անենք, պարզ ա, որ չեն գա, ու դրա մասին Պետրոս Ղազարյանը ծրագիր չի անի»,- ասաց նա: Շուշան Պետրոսյանն այս հարցում ևս տարակարծիք էր. նա վստահ է, որ դասադուլը բացառապես դասերից փախչելու միջոց է այսօրվա ուսանողների համար:

Բանավեճի իշխանամետ կողմը փորձեց հիմնավորել, որ Բարևի հեղափոխությունը, ինչպես Լիբիայում ու Եգիպտոսում, նախագծված է Արևմուտքում, և սպառնում է դառնալ արյունահեղութուն: Ալեն Սիմոնյանը հիշեցրեց. «Մեր երկրում մենք արեցինք իշխանափոխություն, որի արդյունքում ունեցանք ազատ, անկախ Հայաստան և ունեցանք Ղարաբաղի Հանրապետություն»: «Իշխանափոխություն չենք ունեցել, մենք անկախացել ենք, զրոյից ստեղծել ենք պետություն, և մարդիկ են եղել իշխանությունում, որոնք երևի պատրաստ չեն եղել նախարար լինելուն»,- հակադարձեց Շուշան Պետրոսյանը:

Իր ամփոփիչ խոսքում Իզաբելլա Աբգարյանի նշեց, որ պայքարի ելած ժողովուրդը թելադրելու է քաղաքական կուրսը, և «իդեալական տարբերակն այն է, որ ժողովուրդը գա իշխանության, ներկայացված լինի թե կառավարությունում, թե խորհրդարանում: Այսօր ժողովուրդը ձայնազուրկ է»: Ալեն Սիմոնյանը կրկնեց, որ երկրի նախագահն ուղղակի «պիտի ընտրված լինի»: «Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, շատ լավ է, և բերելու է շատ-շատ լավ հետևանքների»,- ասաց նա: