5 մարտ, 2013 11:02

Աշխարհի ամենահարուստ հայը Սամվել Կարապետյանն է. Forbes

Մեքսիկացի մեդիամագնատ Կառլոս Սլիմը արդեն չորրորդ տարին անընդմեջ գլխավորել է ամերիկյան Forbes հեղինակավոր հանդեսի աշխարհի ամենահարուստ մարդկանց՝ դոլարային միլիարդատերերի ամենամյա 27-րդ վարկանիշը: Նրա կապիտալը հանդեսը այս տարի գնահատել է $73 մլրդ:

Աշխարհի ամենահարուստ հայը, ըստ Forbes-ի, «Տաշիր» խմբի նախագահ Սամվել Կարապետյանն է: Նա զբաղեցրել է վարկանիշի 353-րդ հորիզոնականը՝ $3,8 մլրդ կարողությամբ՝ 2012-ի $1,6 մլրդ-ի համեմատ: «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության հիմնական բաժնետեր Դանիլ Խաչատուրովը զբաղեցրել է 613-րդ հորիզոնականը: Նրա կարողությունն այս տարի գնահատվել է $2,4 մլրդ: «Ռեսո» ապահովագարական ընկերության սեփականատերեր Նիկոլայ և Սերգեյ Սարկիսով եղբայրները զբաղեցրել են 1088-րդ հորիզոնականը՝ յուրաքանչյուրը $1,35 մլրդ-ականով: Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը 831-րդ հորիզոնականում է՝ $1,8 մլրդ-ով: Վարկանիշում ընդգրկված հայ միլիարդրատերերից որևէ մեկը Հայաստանը չի ներկայացնում:

Ամենահարուստ միլիարդատերերի առաջին քսանյակում ամենից շատ ներկայացված են բարձր տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներ:  Այսպես՝  վարկանիշի 2-րդ հորիզոնականում Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսն  է՝ $67 մլրդ-ով: Oracle ընկերության հիմնադիր Լարի Էլիսոնը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը՝ $43 մլրդ-ով:

2013-ի վարկանիշում ընդգրկված միլիարդատերերի ընդհանուր կապիտալը կազմել է $5,4 տրլն` 2012-ի $4,6 տրլն-ի համեմատ:

Վարկանիշում ընդգրկված միլիարդատերերի մեծ մասը, ինչպես նախորդ տարիներին, շարունակում է ներկայացնել ԱՄՆ-ը, որտեղ բնակվում և բիզնես է ծավալում 1426 ամենահարուստ մարդկանցից 442-ը: Ասիային բաժին է ընկնում 386 միլիարդատեր: Եվրոպան միայն երրորդ հորիզոնականում է, որին բաժին է ընկնում վարկանիշում ընդգրկված միլիադրատերերից 366-ը: