5 մարտ, 2013 11:11

ՀԿ-ներ իշխանության գրպանում. միջազգային դիտորդների միֆը

Փետրվարի 18-ին և 19-ին միջազգային մի շարք հեղինակավոր լրատվամիջոցների, մասնավորապես` Wall Street Journal-ի և Reuters-ի ինտերնետային կայքերում  հրապարակվեցին Հայաստանում ընտրությունների միջազգային դիտարկման վերաբերյալ հոդվածներ: Մեկում մասնավորապես նշվում էր, որ հայաստանյան «Ազատ հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն միջազգային դիտորդների հետ միասին փետրվարի 18-ին դիտարկելու է ընտրությունները: Հոդվածում ներկայացված էր կազմակերպության հրավերով Հայաստան ժամանած արտասահմանցի դիտորդների կազմը` Բրիտանիայի պառլամենտի անդամ Ջիզելա Ստյուարդի գլխավորությամբ: Մյուսում հղում էր կատարվում ընտրությունների ճիշտ հաջորդ օրը տեղի ունեցած մամլո ասուլիսին, համաձայն որի`«արտասահմանցի խորհրդարանական դիտորդները Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները համարում են ազատ, արդար և թափանցիկ»:

Թվում է, թե այդ օրերին միջազգային դիտորդական տարբեր առաքելությունների հայտարարությունների համատեքստում այս հոդվածները պետք է ուշադրություն չգրավեին: Բայց ահա եկեք ու տեսեք, որ «սատանան մանրուքի մեջ է»:  Միջազգային լրահոսում «դիտորդական առաքելությունների» այդ հոդվածներում առկա լրջագույն խնդիրները թույլ տվեք ներկայացնել հարցադրումների միջոցով:

  • Ովքե՞ր են այս հոդվածների հեղինակները:

Բավական դժվար էր հասկանալ, որ հոդվածի հեղինակները որևէ կապ չունեն լրատվամիջոցի հետ, և որ լրատվամիջոցը պատասխանատվություն չի կրում հոդվածի բովանդակության համար, քանի որ այս տողը կայքէջում ամենամանր տառերով գրված տողերից մեկն է: Իսկ որպես աղբյուր նշվում է PR Newswire անունը, որն էլ հղում է կատարում «Ազատ հասարակության ինստիտուտին»: Պարզվում է՝ PR Newswire-ը բրիտանական ընկերություն է, որը մարկետինգային ծառայություններ է մատուցում և  վճարովի կոմերցիոն նորություններ է տարածում լրատվամիջոցների համաշխարհային ցանցերին: PR Newswire-ի կայքում հոդվածները ներկայացված են որպես մամլո հաղորդագրություն:

  • Ո՞վ կարող էր լինել հոդվածների պատվիրատուն:

Հոդվածի վերջում գրված է, որ հարցերի դեպքում ընթերցողները դիմեն Ֆրեդ Հարիսոնին` Wellington International-ից, և Էդգար Հակոբյանին` «Ազատ հասարակության ինստիտուտից»: Wellington International-ը բրիտանական շահույթ հետապնդող կազմակերպություն է, որը համաձայն իրենց կայքի` տրամադրում է «միջազգային հաղորդակցության և տեղեկատվության ծառայություններ:  Wellington International-ը օգնում է ընկերություններին ու անհատներին՝ իրենց ուղերձները դրական լույսի ներքո հասցնել լսարանին` լինի դա որոշումներ ընդունող մեկ անձ, թե բազմամիլիոնանոց լսարան»: Կարելի է ենթադրել, որ կամ «Ազատ հասարակության ինստիտուտն» է Wellington International-ին պատվիրել միջազգային դիտորդների մասին հոդվածների տարածումը, կամ Wellington International-ը սեփական նախաձեռնությամբ է դա արել:

  • Ի՞նչ պատճառով կարող էր Wellington International-ը հետաքրքրված լինել միջազգային դիտորդների գնահատականների մասին հոդվածները տարածելու հարցում:

Wellington International-ը կառավարություններին, բիզնեսներին ու ոչ կառավարական կազմակերպությունների ռազմավարական խորհուրդներ տրամադրող ցանցի մի մասն է: Կազմակերպության ցանցային գործընկերները ներկայացված են ԱՄՆ-ում, Բելգիայում, Չինաստանում, իսկ Մեծ Բրիտանիայում կա ևս մեկ ցանցային գործընկեր` Wellington Street Partners անունով: Wellington International-ի կայքում նշված է, որ այն հանդիսանում է Raynard Reseacrh ՍՊԸ-ի շահույթ հետապնդող դուստր ձեռնարկություն: Այս երկու` Wellington Street Partners-ի և Raynard Reseacrh-ի հիմնադիրը ոչ այլ ոք է, քան բրիտանական դիտորդներից մեկը, նախկին խորհրդարանական` Փոլ Քիթչը: Ստացվում է, որ այսպես կոչված «միջազգային դիտորդները» վարձում են իրենք իրենց, որ դիտորդություն իրականացնեն Հայաստանում և  տարածեն դրա մասին տեղեկություններ:

  • Ովքե՞ր են «միջազգային դիտորդական պատվիրակության» անդամները:

Wall Street Journal-ի փետրվարի 18-ի հոդվածում նշվում է յոթ միջազգային դիտորդի անուն` Քրիս Ռեննարդ, Յուրայ Դրոբա, Նիք Հարվի, Փոլ Քիթչ, Այան Հերնոն և Ջիզելա Ստյուարտ: Վերջինը գլխավորում էր պատվիրակությունը: Նրանց անունները ինտերնետում որոնելիս` պարզվում է, որ Քրիս Ռեննարդը, Նիք Հարվին և Փոլ Քիթչը Բրիտանիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ներկա և նախկին անդամներ են, ոմանք բարձրաստիճան, մասնավորապես` Նիք Հարվին եղել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը: Չխորանալով բրիտանական մամուլում նրանցից մի քանիսի մասին սկանդալային լուսաբանումների մեջ` տարօրինակ է, որ ներկա և նախկին պառլամենտականները ոչ թե ներգրավված են եղել Հայաստանում պաշտոնապես հավատարմագրված միջազգային դիտորդական առաքելություններից` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, ԵԽԽՎ-ի կամ Եվրոպական խորհրդարանի դիտորդների կազմում, այլ հանդես են եկել քիչ հայտնի «Ազատ հասարակության ինստիտուտի» հետ:

 

  • Ինչպե՞ս կարող էին միջազգային դիտորդները Հայաստան գալ ընդամենը ՀԿ-ի հրավերով:

Օրենսդրորեն չէին կարող. համաձայն ՀՀ Ընտրական օրենսգրքի 29 (2) հոդվածի`միջազգային կազմակերպությունները, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունները և օտարերկրյա հասարակական կազմակերպությունները դիտորդական առաքելություն կարող են իրականացնել ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի, վարչապետի և կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրավերի առկայության դեպքում:  Նույնիսկ եթե համարենք, որ բարձրաստիճան այս բրիտանացիները ժամանակավորապես աշխատանքի են ընդունվել «Ազատ հասարակության ինստիտուտ» կազմակերպությունում, նրանք ինքնաբերաբար դառնում են տեղական ՀԿ-ի աշխատակիցներ, ուստի նրանց դիտարկումները չեն կարող համարվել միջազգային:

 

  • Ի՞նչ կազմակերպություն է «Ազատ հասարակության ինստիտուտը»:

Վերը նշված միջազգային հաղորդագրություններում այս կազմակերպությունը ներկայացված է որպես «ժողովրդավարական արժեքներ խթանող Հայաստանի ամենահին և ամենամեծ կազմակերպություններից մեկը»:  Զարմանալի է, որ 2004թ. հիմնադրված այս «ամենահին» կազմակերպությունը չունի սեփական կայք և նույնիսկ նրա ղեկավար Էդգար Հակոբյանի էլեկտրոնային հասցեն Yahoo-ում է: «Ազատ հասարակության ինստիտուտը» այն կազմակերպություններից է, որն ընտրությունները դիտարկելու համար կարողանում է ապահովել երկու հազար և ավելի դիտորդների ներկայությունը ընտրատեղամասերում: Կազմակերպության անունով ինտերնետային որոնումները հանգեցնում են մամլո լուսաբանումների և հաղորդագրությունների, որտեղ կազմակերպությունը Հայաստանում անցկացվող ընտրությունները (2009թ. Երևանի ավագանու  http://www.aysor.am/am/news/2009/06/01/azhasinst/, 2012թ. ՀՀ խորհրդարանական, 2013թ. ՀՀ նախագահական) բնութագրում է ազատ, թափանցիկ ու ժողովրդավարական: Կա նույնիսկ հրապարակում, որով «Ազատ հասարակության ինստիտուտը» «պաշտպանում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությունը» http://nt.am/am/news/55022/: Տպավորությունն այն է, որ սա իշխանության գրպանում գտնվող հասարակական կազմակերպություններից մկեն է, որը դիտորդներ է տեղակայում ընտրություններին, որպեսզի վերջում «արձանագրի զրո խախտում»:

Այս հարցերը պարզաբանելուց հետո, այնուամենայնիվ, հարց է մնում, թե ով է հայաստանյան կազմակերպությանը պատվիրել «միջազգային դիտորդների» հրավերը և միջազգային մամուլում տեղ գտած թյուրիմացությունը:

Աննա Շահնազարյան