6 մարտ, 2013 18:41

ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» չեն բացառում ավագանու ընտրություններին մեկ ցուցակով մասնակցելը

Հայ հեղափոխական դաշնակցությունը չի բացառում մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին «Ժառանգության» հետ մեկ միասնական ցուցակով մասնակցելու հնարավորությունը: Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը՝ հնարավոր համարելով միասնական ցուցակում այլ քաղաքական ուժերի ընդգրկումը ևս:

Հարցին, թե միասնական ցուցակով հանդես գալու դեպքում ով կգլխավորի այն, ՀՅԴ ներկայացուցիչը պատասխանեց, որ անհրաժեշտ է նախ ներկայացվածության ձևաչափը պարզել:

«Սկզբում պետք է ձևաչափը հստակեցվի, թե քաղաքական որ ուժերով հնարավոր կլինի միասնական ցուցակ մեջտեղ բերել»,- ասաց Համբարձումյանը:

Ինչ վերաբերում է Երևանի ընտրություններին ՀՅԴ-ի` առանձին ցուցակով մասնակցության հնարավորությանը, ապա Համբարձումյանը նշեց, որ կուսակցությունը դեռ ժամանակ ունի մտածելու այս հարցի շուրջ: 

«Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը ևս չբացառեց ավագանու ընտրություններում ՀՅԴ-ի հետ միասնական ցուցակով հանդես գալու հնարավորությունը: Նա նշեց, որ ներկայում հարցը երկու կուսակցությունների քննարկման փուլում է: