6 մարտ, 2013 18:07

Շիրակի մարզպետի պաշտոնակատար է նշանակվել փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականով Շիրակի մարզպետի պարտականությունների կատարումը մինչև սահմանված կարգով նոր մարզպետի նշանակումը դրվել է մարզպետի առաջին տեղակալ Սեյրան Պետրոսյանի վրա: Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սուսաննա Տոնոյանը:

Շիրակի մարզպետարանի մամուլի խոսնակ Սամվել Գրիգորյանն էլ նշեց, որ Սեյրան Պետրոսյանի պաշտոնավարման հստակ ժամկետը պարզ չէ:

Նշենք, որ կառավարության վաղվա` մարտի 7-ի նիստի նախնական օրակարգում Շիրակի մարզպետի նշանակման հարցն ընդգրկված չէ:

Այս պաշտոնի հավանական թեկնածուներ են համարվում նաև Ոստիկանության Շիրակի մարզային վարչության նախկին պետ Արամ Տեր-Թովմասյանը և Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ Ֆելիքս Ցոլակյանը:

Հիշեցնենք, որ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը փետրվարի 22-ին զբաղեցրած պաշտոնից ազատվելու վերաբերյալ դիմում էր ներկայացրել վարչապետ Տիգրան Սարգսյանին, որն այն հաստատել էր կառավարության` փետրվարի 28-ի նիստում:

Գիզիրյանի հրաժարականը լրատվամիջոցները գլխավորապես պայմանավորում էին նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի` Շիրակի մարզում կրած պարտությամբ: