6 մարտ, 2013 18:51

Սասունի հայերը պահանջում են չոչնչացնել հայկական հուշարձանները

Սասունի հայերի միության նախագահ Ազիզ ԴաղջընԹուրքիայիփոքրամասնություններին պատկանող եկեղեցիների և պատմական այլ հուշարձանների ոչնչացման մեղադրանքով դատական հայց է ներկայացրել Բաթմանի մշակույթի և զբոսաշրջության նահանգային վարչության դեմ, հաղորդում է «Հայթերթ» կայքը:

Դաղջըն ասել է, որ Յենի Փընար գյուղի 14-րդ դարի հայկական եկեղեցին ավերվել է, վերածվել աղբանոցի, գյուղացիները եկեղեցու քարերը գողացել են և օգտագործում են իրենց կարիքների համար: Նրա խոսքով` իրենց ուժերը բավարար չեն եկեղեցում և նրա շրջակայքում մաքրություն պահպանելու համար: Նա պահանջում է, որ գյուղացիները վերադարձնեն եկեղեցու քարերը:

Հայցվորը նշում է, որ Սահմանադրության 63-րդ հոդվածի համաձայն` պետությունը պետք է պահպանի պատմամշակութային հուշարձանները, սակայն մինչ այժմ հայկական կոթողները միայն ոչնչացվում են:

Սասունի հայեր միությունը գործում է Ստամբուլում, սակայն Դաղջըն պարբերաբար մեկնում է Սասուն: Ավելի վաղ նա Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության դեմ դատական հայց էր ներկայացրել Սասունի Սբ Մարութա Աստվածածին եկեղեցին քանդելու մեղադրանքով` պահանջելով վերականգնել այն: