Չավեսի մարմինը կզմռսվի և կդրվի Հեղափոխության թանգարանում

Վենեսուելայի` մարտի 5-ին մահացած նախագահ Ուգո Չավեսի մարմինը կզմռսվի: Այս մասին տեղեկացրել է Վենեսուելայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլաս Մադուրոն, հաղորդում է AFP-ն:

Ենթադրվում էր, որ Չավեսի հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 8-ին, սակայն այժմ հոգեհանգիստը կերկարաձգվի նվազագույնը ևս մեկ շաբաթով: Ինչպես տեղեկացրել է Մադուրոն, դա արվում է, որպեսզի առաջնորդին կարողանան հրաժեշտ տալ բոլոր ցանկացողները:

Մադուրոյի խոսքով` զմռսումից հետո Չավեսի մարմինը ապակե դագաղով կդրվի Հեղափոխության թանգարանում` մայրաքաղաք Կարակասում: Թե դա հստակ երբ կարող է տեղի ունենալ, չի հաղորդվում:

Հիշեցնենք, որ Վենեսուելայի նախագահի պաշտոնը 1999-ից զբաղեցրած Ուգո Չավեսը մահացավ քաղցկեղի դեմ երկու տարվա պայքարից հետո: Ընդ որում` նրա թիկնազորի պետը վստահեցնում է, որ մահվան պատճառ է դարձել սրտի կաթվածը: Չավեսի մահվան կապակցությամբ սուգը Վենեսուելայում մարտի 21-ից շուտ չի ավարտվի:

Մեկնաբանել