11 մարտ, 2013 15:25

Բջջային վիրուսների 79%-ը ստեղծվում է Android-ի համար

Android օպերացիոն համակարգի համար թողարկվող վնասակար ծրագրերի թիվը հետզհետե աճում է, հաղորդում է F-Secure հետազոտական ընկերությունը:

Պլանշետների և սմարթֆոնների համար աշխարհի ամենատարածված օպերացիոն համակարգին 2012թ. բաժին է ընկել վտանգավոր բջջային ծրագրերի 79%-ը: Համեմատության համար նշենք, որ 2011թ. այս ցուցանիշը կազմել է 66,7%, իսկ 2010թ.` 11,25%:

Symbian օպերացիոն համակարգը, որից վերջնականապես հրաժարվեցին ֆիննական Nokia տեխնոլոգիական ընկերությունը, կորցրել է իր պահանջարկը վտանգավոր բջջային ծրագրեր տարածողների շրջանակում` վնասաբերության ցուցանիշն այս տեսանկյունից 62,5%-ից նվազեցնելով մինչև 19%, ասված է F-Secure հետազոտական ընկերության հաղորդագրությունում:

Փորձագետների կանխատեսմամբ` 2013թ. այս հարթակը «կչեզոքանա» այն ժամանակ, երբ օգտագործողները Symbian-ից անցում կկատարեն Android-ին:

Բջջային օպերացիոն համակարգերի շուկայում 2-րդ տեղը զբաղեցնող iOS օպերացիոն համակարգի համար ստեղծված վնասակար ծրագրերի մասնաբաժինը 2012թ. կազմել է 0,7%:

Windows Mobile, BlackBerry և J2ME օպերացիոն համակարգերի համար ստեղծված վնասակար բջջային ծրագրերի մասնաբաժինը չի գերազանցել 1%-ը:

Փորձագետները նշում են Android-ով աշխատող վնասակար ծրագրերի թվի պարբերական աճի մասին: F-Secure-ի տվյալների համաձայն` Google-ի կողմից կիրառվող անվտանգության միջոցառումները` սկսած 4.2 (Jelly Bean) օպերացիոն համակարգից, կնվազեցնեն վնասաբերության ցուցանիշը:

Նշենք, որ բջջային ծրագրերի ամենատարածված սպառնալիքների առաջին տեղում տրոյան ծրագրերն են (66,1%), երկրորդ հորիզոնականում sms հաղորդագրությունների միջոցով վճարովի բաժանորդագրություն պահանջող վիրուսներն են (11,2%) և երրորդը` լրտես-վիրուսները (7%):