Հային իր հողի վրա պահողը հույսն է. դոկտ. Վիգեն Հովսեփյան

«Ազդակ»-ի կազմակերպած 79-րդ մամլո լսարանի շրջանակում մարտի 14-ին լիբանանահայ երիտասարդ մտավորականները զեկույց-հանդիպում են ունեցել են. հաղորդում է «Ազդակ»-ը: Հանդիպման սկզբում ելույթ է ունեցել Հրակ Ավետանյանը: «Հատկապես անկախությունից հետո Հայաստան-Սփյուռք հարաբերությունները փոփոխություններ են կրել»,- շեշտել է նա: Ավետանյանի խոսքով՝ այդուամենայնիվ, էական խնդիր է Հայաստան-Սփյուռք համախմբումը:

Օրվա բանախոս, ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ, ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ դոկտ. Վիգեն Հովսեփյանը խոսել է Հայաստան –Սփյուռք հարաբերությունների մասին: «Հային իր հողի վրա պահողը հույսն է, որի հենքը ազգային գաղափարախոսությունն է»,- նշել է նա:

ՀՅԴ-ի գաղափարախոսներից` դոկտ. Բաբկեն Փափազյանին հղում անելով՝ Հովսեփյանը նշել է, որ 1932-ը իբրև անկյունադարձային կարևոր թվական է նշվում. այդ թվին է ԱՄՆ նախագահ Ռուզվելտը ճանաչել Խորհրդային Միությունը՝ նոր էջ բացելով Սփյուռքի պատմության մեջ: Մինչ այդ, Խորհրդային Միության հավանական փլուզման բերումով Խորհրդային Հայաստանի վերանկախացումը հուսացող հայ քաղաքական մտածողությունը սկսել է ընթանալ նոր ուղղությամբ: Հատկապես դաշնակցական ղեկավարներ գործուղվել են՝ կազմակերպելու Սփյուռքը, ինչպես` Գարեգին Նժդեհի ուղևորությունն էր դեպի Միացյալ Նահանգներ` համախմբելու տեղի հայ երիտասարդությանը:

Սփյուռքի կազմակերպման համար կար երկու օրինակ.առաջինը հրեական մոտեցման օրինակն էր, որ 1948-ին Իսրայելի պետության հիմնումից հետո ձգտում էր զարկ տալ այդ պետության վերելքին՝ առավելաբար օգտագործելով արտասահմանի (հրեական Սփյուռքի) մարդկային ռեսուրսներն ու հնարավորությունները: Իսկ երկրորդ օրինակը պաղեստինյան կեթոյական կղզիացած վիճակն էր, ուր պաղեստինցիների ղեկավարները փորձում էին տեղայնացումից հեռու` նվազագույն տարողությամբ «հաստատվել» և գոյատևել արտասահմանի մեջ, որպեսզի հետագայում դյուրին լիներ պաղեստինցիների տունդարձը:

Հայկական Սփյուռքի պարագայում վերոհիշյալ երկու օրինակների, տարազների յուրօրինակ խառնուրդն է «որդեգրվել»: Ավելի՛ն. Սփյուռքը դեռ ուներ և ունի իր «ենթասփյուռքները», ենթահամայնքները, ինչպես` Միացյալ Նահանգների հայության պարագայում է:

Բանախոսը շեշտել է Հայաստան- Սփյուռք միասնականության վրա, որ առանց գաղափարական միասնականության` շատ դժվար պիտի լինի իրագործել: Նա նշել է, որ Միացյալ Նահանգներում Հայկական համագումարի պարագան, որ 1960-ական թվականներից ընթանում է, սակայն հետագայում դարձել էր միակողմանի խմբակցության պաշտպան` դուռ բացելով նրա զանազան միավորների հեռացման համար:

Դոկտ. Հովսեփյանը նշել է, որ Հայաստան-Սփյուռք կամրջումի անհրաժեշտությունը մեծ է` գոնե գաղափարական հարցերի առումով համազգային կեցվածք որդեգրելով:

Լուսանկարում՝ դոկտ. Վիգեն Հովսեփյան

Մեկնաբանել