ՆՓԱԿ-ում մեկնարկել է Ալի Սալթանի «Գետի մյուս ափը» ցուցահանդեսը

Մարտի 13-ին Նորարար փորձառական արվեստի կենտրոնում թուրք լուսանկարիչ Ալի Սալթանը ներկայացրեց իր «Գետի մյուս ափը» նախագիծը։ Ցուցահանդեսում տեղ են գտել մի քանի տարի առաջ սահմանամերձ հայկական և թուրքական գյուղերում արված լուսանկարները։

Բագարանի և Հալըքըշլաքի բնակիչները ներկայացված են միասին՝ սահմանների, մշակույթի, պատմության շրջանակներից դուրս՝ պարզապես իբրև հարևաններ: Մարդիկ, որոնք կողք կողքի ապրելով և ամեն օր լսելով միմյանց ձայները, երեխաների ծիծաղն ու լացը, երբեք չեն հանդիպում և նույնիսկ բարև չեն փոխանակում։

Այս նախագիծն ինքնաբուխ է ստացվել: Ինչպես պատմեց հեղինակը, մտահղացումն առաջացել է այն ժամանակ, երբ հանդիպել և զրուցել է Հայաստանի սահմանամերձ գյուղերից մեկի բնակչուհու հետ:

Հանդիպումը կայացել է մեկ այլ նախագծի իրականացման ժամանակ, որի հեղինակների թվում հայտնի վավերագրող Ռուբեն Մանգասարյանն էր: «2006թ. «Մերհաբարև» նախագծի շրջանակներում հասցրել էինք Ռուբեն Մանգասարյանի հետ լինել սահմանամերձ թուրքական և հայկական գյուղերում: Վերջին գյուղը, որ այցելեցինք, Բագարանն էր: Հայկական կողմը մեզ շատ լավ ընդունեց: Այնտեղ մեզ մի տուն հրավիրեցին, որի տանտիկինը պատմեց, թե ինչպես են ամեն օր հետևում սահմանի մյուս կողմի կենցաղին:– Այնտեղի մարդկանց լավ տեսնել չեմ կարողանում: Երազանքս է մի օր այդ գյուղ գնալ, սակայն այստեղից, ոչ թե Վրաստանի տարածքով,– ասել էր տանտիկինը:– Այս խոսակցությունը հիմք դարձավ մեր ցուցահանդեսի նախաձեռնության համար»,– պատմեց Ալին։

Ցուցահանդեսի բացման ժամանակ Ալի Սալթանն ասաց, որ Ռուբեն Մանգասարյանը մեծ ոգևորությամբ էր վերաբերվում իր նախաձեռնությանը: «Մենք հույս ունեինք, որ միասին կներկայացնենք այստեղ «Գետի մյուս ափը»: Ցավոք՝, նա հեռացավ կյանքից 2009թ.…», – ասաց Ալին:

«Մենք ընդամենը 20 օր ենք միասին անցկացրել: Նա չէր խոսում թուրքերեն, ես՝ հայերեն, և երկուսս էլ վատ էինք տիրապետում անգլերենին, բայց իրար շատ լավ էինք հասկանում: Երկուսս էլ զգում էինք, որ մեր հարաբերությունները շատ մարդկային են: Մենք շատ ընդհանուր բաներ ունեինք, բայց ամենագլխավորն այն էր, որ մենք ընկերներ էինք»,– հիշեց Ալին։

Լուսանկարներում պատկերված են տարբեր տարիքի մարդիկ՝ յուրաքանչյուրն իր ուրույն կերպարով՝ լուսանկարչի ընտրած միջավայրում, որը վերաիմաստավորվում է նաև լուսանկարների դասավորությամբ: Ալին պատմեց իր Վահե անունով հերոսի մասին: Դեռահասն ասել է, որ իր նախնիները Թուրքիայում են ապրել՝ սահմանից այն կողմ: Նա շատ է ուզում մի օր լինել այնտեղ և տեսնել նրանց գերեզմանները: Ալին Վահեի լուսանկարի կողքին տեղադրել է Հալըքըշլաքում նկարած մի տապանաքար։

Բոլոր լուսանկարներն անանուն են, սակայն սրահում կարելի է տեսնել նաև ցուցահանդեսի ձայնային մեկնաբանությունը, նշումները, որ հեղինակն արել է իր հերոսների հետ զրուցելիս: Մի քանի մետր երկարություն ունեցող թղթերի վրա թուրք և հայ գյուղացիների խոսքերը հաջորդում են միմյանց և պատմում ամենատարբեր բաների մասին՝ ժողովուրդների դարավոր թշնամության թեմայից մինչև ամենակենցաղային դիտարկումներ:

Երևանում ցուցադրության իրականացմանն աջակցում են մի շարք հասարակական կազմակերպություններ, այդ թվում՝ Global Dialogue-ը, թուրքական «Անադոլու կուլտուրը», Հայաստանում Շվեյցարիայի դեսպանությունն ու Բաց հասարակության հիմնադրամը: Անցյալ տարի ֆոտոցուցահանդեսը ներկայացվել է նաև Անկարայում:

Մարիա Հովսեփյան

Մեկնաբանել