18 մարտ, 2013 20:03

Ուռուցքաբանության կենտրոնում կգործի պալիատիվ օգնության առաջին ծառայությունը

ՀՀ առողջապահության նախարարության Ուռուցքաբանության ազգային կենտրոնում այսօր բացվել է ամոքիչ (պալիատիվ) օգնության մեր երկրում առաջին համապարփակ ծառայությունը. տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից: Այս ծառայության անհրաժեշտությունը չափազանց մեծ էր։ Ամոքիչ (պալիատիվ) օգնության կարիք ունի մեր երկրի ավելի քան 3000 քաղաքացի: Նորաստեղծ բաժանմունքը, բնականաբար, չի կարող ամբողջովին ապահովել բոլոր հիվանդների կարիքները, սակայն այն կարևոր քայլ է մոտակա տարիների ընթացքում այդ բազայի հիման վրա Հայաստանի ամբողջ տարածքում նմանատիպ այլ ծառայությունների ստեղծման համար:

ՀՀ կառավարության համապատասխան որոշման հիման վրա 2011 թվականին առողջապահության նախարարության, Բաց հասարակության ինստիտուտի և Հայաստանի հակացավային և պալիատիվ օգնության ասոցիացիայի աջակցությամբ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ստեղծվել է ամոքիչ (պալիատիվ) օգնության ուսումնական կենտրոն, որը կազմակերպել է բժիշկների հետդիպլոմային վերապատրաստման դասընթացներ` նպատակ ունենալով մասնագետներ պատրաստել ամոքիչ օգնության ապագա ծառայությունների համար (ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում): ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակում 2011թ. ընթացքում միջազգային փորձագետների հետ ուսումնասիրվել և գնահատվել են ամոքիչ (պալիատիվ) ծառայության կարիքները, թարգմանվել և տեղայնացվել են բժիշկների և բուժքույրերի համար նախատեսված պալիատիվ խնամքի կրթական ծրագրերը, որոնցով վերապատրաստվել է բժշկական և բուժքույրական կրթական հաստատությունների 50 դասավանդող, ինչպես նաև մշակվել են պալիատիվ խնամքի ազգային ուղեցույցներ:

Փորձարարական ծրագրով ներդրվել է նաև ամոքիչ (պալիատիվ) օգնության շարժական ծառայություն:

Նորաբաց բաժանմունքը կծառայի ինչպես կոնկրետ հիվանդների բուժումն ու խնամքն ապահովող ծառայություն, այնպես էլ կներկայանա որպես ուսումնական կլինիկական բազա, ինչը հնարավորություն կտա ապահովել ուսումնական գործընթացի բարձր մակարդակ և արդյունավետություն: