ԱՄՆ-ում քաղաքապետ են ընտրել վիճակահանությամբ

ԱՄՆ-ում Յուտա նահանգի Հելփեր քաղաքի քաղաքապետին ստիպված են եղել ընտրել վիճակահանության միջոցով։ Քաղաքպետի պաշոտնի երկու թեկնածուները քվեարկության երկու փուլերից հետո հավաքել են հավասար քանակությամբ ձայներ, և ընտրական հանձնաժողովը ստիպված է եղել իր լիազորությունները փոխանցել ճակատագրին, հաղորդում է NBC News-ը։

Թղթերը, որոնց վրա գրված են եղել երկու թեկնածուների՝ Կիրկ Մասկարոյի և Էդ Չավես-կրտսերի անունները, դրվել են զամբյուղի մեջ։ Ապա քաղաքային խորհրդի անադմներից մեկը զամբյուղից հանել է թուղթը, որի վրա գրված է եղել Չավեսի անունը։

«Ես փոքր-ինչ ցնցված էի, երբ տեսա, որ հանվել է իմ անունը»,- խոստովանել է Հելփերի՝ նախագահական ազգանվամբ նորընտիր քաղաքապետը։ Նա ընտրողներին վստահեցրել է, որ իր և իր մրցակցի միջև որևէ թշնամանք չի եղել և չի էլ լինի։ «Կիրկն ու ես միասին ենք մեծացել։ Ես վստահ եմ, որ մենք կկարողանանք խուսափել տարաձայնություններից։ Մենք հիանալի կաշխատենք միասին»,- ասել է Չավեսը։

Նշենք, որ ընտրական հանձնաժողովը քաղաքապետի նոր ընտրությունները նախաձեռնել էր այն բանից հետո, երբ նախորդ քաղաքապետ Դին Արմսթրոնգը երրորդ անգամ հայտնվել էր ոստիկանությունում ոչ սթափ վիճակում մեքենա վարելու պատճառով։ Հելփերի գործերը վերջին տարիներին այնքան էլ լավ չեն, սակայն Էդ Չավեսը բնակիչներին կոչ է արել չմտածել անցյալի մասին և խոստացել է, որ իր ղեկավարությամբ քաղաքը «նոր էջ կբացի իր կյանքում»։

Մեկնաբանել