Ապրիլի 9-ից հետո հանրությունն իրավասու է դիմելու քաղաքացիական անհնազանդության. Ա. Ղուկասյան

Եթե մինչև ապրիլի 9-ը գործող իշխանական ուժերը չկարողացան հաղթահարել ստեղծված ճգնաժամը, ապա հանրությունը, համաձայն Սահմանադրության դրույթների, իրավասու է իրականացնել քաղաքացիական անհնազանդություն: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր այսպիսի տեսակետ հայտնեց նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը՝ նշելով, որ այդ անհնազանդության տարբերակներից մեկը կարող է լինել հանրության կողմից հարկեր չվճարելն այնքան ժամանակ, մինչև հանրությունը վստահ չլինի, որ իր մուծած գումարները չեն գողացվում:

«Հայաստանում մարտի 14-ին շինծու ընտրությունների գործընթացում դրվեց վերջնակետ, բայց այդ օրվանից սկսվեց իսկական ընտրությունների գործընթաց»,- ասաց Ղուկասյանը՝ նշելով, որ ապրիլի 9-ին հայ ժողովուրդը պետք է որոշի՝ իրականացնելու է իր իշխանությունն անմիջականորեն, թե ենթարկվելու է կասկածելի ճանապարհով ձևավորված պետական մարմնին:

Ղուկասյանը նշեց, որ ապրիլի 9-ից մինչև նոր ընտրություններ հաստատելու շրջանը կարելի է անվանել անցումային շրջան, որը ղեկավարելու համար պետք է ստեղծվի ղեկավարող մարմին:

Անդրադառնալով այս ընտրություններին` Ղուկասյանը նշեց, որ Հայաստանում երբեք չեն եղել այնպիսի բարձր կրիմինալ մակարդակ ունեցող ընտրություններ: Որպես օրինակ նա բերեց ԲՀԿ պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործը, նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին ընտրությունների վերջին փուլում ներկայացված քրեական մեղադրանքը, ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձը և իր էլեկտրոնային փոստի վրա կատարված հարձակումը:

«ՍԴ-ի որոշումը ընտրությունների հարցում պարզաբանում չստեղծեց, որովհետև որոշ հարցեր մնացին չլուսաբանված»,- ասած Ղուկասյանը՝ նշելով, որ այդ հարցերից մեկը Սերժ Սարգսյանի այն հայտարարությունն էր, թե նա է կազմակերպել ընտրությունները: Նրա խոսքով` այս ընտրություններում ամենակարևոր խնդիրն այն էր, որ իշխող կուսակցությունը երաշխավորի հանրությանը, որ ինքը չի օգտվում վարչական իրեն հասանելի ռեսուրսներից և հանրությանը հնարավորություն է տվել ազատ դրսևորել իր կամքը: Այդ հնարավորությունը, ըստ Ղուկասյանի, հանրությունը չստացավ՝ լսելու դատարանում Սերժ Սարգսյանի բացատրություններն այս ընտրությունների վերաբերյալ:

Գնահատելով հետընտրական իրավիճակը՝ Ղուկասյանն ասաց, որ քաղաքական այս ճգնաժամում որևէ ուժ դրսից չի ուղղորդում Րաֆֆի Հովհաննիսյանին:

Մեկնաբանել