Ադրբեջանը Հայաստանի երկու քաղաքացու է վերադարձրել

Ադրբեջանում պահվող երկու հայ քաղաքացիական անձինք այսօր` մարտի 20-ին, հայրենադարձվել են Հայաստան՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանավորությամբ։

ԿԽՄԿ տարածած հաղորդագրության համաձայն` կինն ու տղամարդը Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների պատասխանատվության ներքո փոխանցվել են Ադրբեջանի Հանրապետության Ղազախ և Հայաստանի Հանրապետության Իջևան քաղաքների միջև ընկած ճանապարհին ՝ միջազգային սահմանի վրա։

Նախքան հայրենադարձումը ԿԽՄԿ-ի պատվիրակներն այցելել են քաղաքացիական անձանց՝ ազատազրկման պայմանները և նրանց հանդեպ վերաբերմունքը գնահատելու նպատակով։

Գործելով որպես չեզոք միջնորդ և իր հանձնագրին համաձայն` ԿԽՄԿ աջակցել է այս հայրենադարձման գործողությանը՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ համատեղ։ Նախքան գործողության իրականացումը, ներկալված անձինք հավաստիացրել են ԿԽՄԿ-ին, որ վերադառնում են հայրենիք իրենց հոժար կամքով։

Տավուշի մարզի Դովեղ գյուղի 87-ամյա բնակիչ Մնացական Քառյանը սահմանը հատել էր մարտի 16-ին, իսկ Այգեհովիտ գյուղի 47-ամյա բնակիչ Անահիտ Առաքելյանը` մարտի 17-ին:

Մեկնաբանել