Այ Վեյվեյի նոր աշխատանքը նվիրված է չիլիացի Պաբլո Ներուդային

Չինացի նկարիչ և այլախոհ Այ Վեյվեյը ստեղծել է աշխատանք, որը նվիրված է չիլիացի բանաստեղծ Պաբլո Ներուդային:

900 քմ մակերեսով աշխատանքը Այ Վեյվեյը ստեղծել է չինական նախկին բանտի պատին: Նկարիչը պատկերել է Սենկակու արշիպելագը, որը գտնվում է Չինաստանի, Թայվանի և Ճապոնիայի միջև: Այն գտնվում է Չինաստանի իրավասության տակ, սակայն բոլոր երեք երկրները հավակնում են վերահսկել արշիպելագը:

Աշխատանքի վրա գրված է մեջբերում «Չիլիի հրվանդան» բանաստեղծությունից, որը Վեյվեյի հայրը նվիրել էր իր ընկերոջը՝ Պաբլո Ներուդային:

Այս աշխատանքն առաջինն է Վեյվեյի՝ Լատինական Ամերիկային նվիրված սերիայում: Այն ստեղծվել է Of Bridges & Borders միջազգային գեղարվեստական նախագծի համար:

Բացի ստեղծագործական աշխատանքից՝ Այ Վեյվեյը զբաղվում է նաև քաղաքական գործունեությամբ: Նա բազմիցս քննադատել է Չինաստանի իշխանություններին մարդու իրավունքների խախտման և կոռուպցիայի համար: 2008թ. Սիչուանի երկրաշարժից հետո նա պահանջել է պատժել այն պաշտոնյաներին, որոնց պատճառով շրջանի բազմաթիվ դպրոցներ կառուցվել են առանց անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանման, ինչի հետևանքով էլ զոհվել են հազարավոր դպրոցականներ:

Չինացի նկարիչը նախկինում նույնպես ստեղծել է մասշտաբային կտավներ: Նրա ամենահայտնի աշխատանքներից է 2009թ. Մյունխենի ինստալյացիան: Վեյվեյը ինը հազար դպրոցական պայուսակների միջոցով «գրել էր» մոր խոսքերը, որի աղջիկը զոհվել էր երկրաշարժի ժամանակ. «Նա յոթ տարի ապրել է երջանիկ այս աշխարհում»:

Վեյվեյի գործունեության պատճառով 2011թ. նրա արվեստանոցը քանդել են, իսկ իրեն՝ ձերբակալել: Նկարիչն ազատազրկման մեջ անցկացրել է երկու ամիս, որից հետո իշխանությունները նրան մեղադրել են տնտեսական հանցագործությունների մեջ և ստիպել վճարել 2,4 մլն դոլարի տուգանք:

Պաբլո Ներուդան ծնվել է 1904թ.: 1971թ. ստացել է Նոբելյան մրցանակ գրականության բնագավառում՝ «պոեզիայի համար, որը գերբնական ուժով մարմնավորել է մի ամբողջ մայրցամաքի ճակատագիրը»: Ներուդան զոհվել է 1973թ. Չիլիում՝ Պինոչետի ռազմական հեղաշրջման ժամանակ. նա նախագահ Սալվադոր Ալյենդեի կողմնակիցն էր:

Մեկնաբանել