Բաղրամյան 26-ի պատուհանից

Դատելով երկրում առկա իրավիճակին Սերժ Սարգսյանի տված գնահատականներից՝ կարելի է պնդել, որ գործող նախագահը առկա խնդիրներն ու մարտահրավերը ադեկվատ չի ընկալում և Հայաստանին նայում է միայն նախագահական նստավայրի պատուհաններից: Նախ՝ նա աներկբա պնդում է, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամ գոյություն չունի և իր վերընտրությունը և ընտրությունների անցկացման որակը որևէ հարց չի առաջացնում:

Սերժ Սարգսյանի խոսքերից տպավորություն կա, որ նախագահական ընտրություններից հետո համաժողովրդական հուզումների ալիքը պայմանավորված է պաշտոնական արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանի՝ պարտության հետ չհամակերպվելու հետ: Որպես այդ տեսակետի հիմնավորում՝ նա վկայակոչում է, որ Ազատության հրապարակում դժգոհում է երկրի բնակչության ընդամենը 0,1 տոկոսը:

Ներքաղաքական իրավիճակի նկատմամբ այսպիսի պատկերացումներով Սերժ Սարգսյանը անուղղակիորեն լեգիտիմացնում է տարեցտարի կատարելագործվող ընտրակեղծիքների մեքենայի գոյությունը, որը, հակառակ հանրային կամքի, ապահովում է օրվա իշխանության վերարտադրությունը և խորացնում հանրային անվստահությունը ընտրական ինստիտուտի նկատմամբ:

Միաժամանակ Սերժ Սարգսյանը, անտեսելով սոցիալ-տնտեսական աղետալի իրավիճակը, ներքին համոզվածություն ունի, որ արտագաղթը, հանրային լայնածավալ դժգոհությունները հիմնականում պայմանավորված են Հայաստանում հեռանկար չտեսնելու համոզմունքով և գորշ մթնոլորտով, որ լրատվամիջոցներն են ստեղծում: Ստացվում է, որ Հայաստանում շատ լայն ու լուսավոր հեռանկարներ գոյություն ունեն, սակայն քաղաքացիները համառորեն չեն ցանկանում տեսնել դրանք և զանգվածաբար արտագաղթում են: Օրինակ՝ Շիրակի մարզում սեփական պարտությունը նա պայմանավորում է ոչ թե խորացող սոցիալ-տնտեսական ճգնաժամով և աղքատության ծայրաստիճան բարձր մակարդակով, այլ տեղի հանրապետական կառույցների անկատարությամբ: Իսկ Քաջարանում շատ քիչ տարբերությամբ հաղթանակը, ըստ Սերժ Սարգսյանի, պայմանավորված է այն հանգամանքով, որ քաջարանցիները միտումնավոր չեն ցանկանում տեսնել այն դրախտային պայմանները, որը նրանց համար ստեղծել է իշխանությունը: Ստացվում է, որ Շիրակի մարզում պետք է հանրապետականների կուռ կառույցներ ստեղծել, իսկ Քաջարանի բնակիչներին կարելի է սոցիալական հոլովակներով համոզել, որ Հայաստանում, մասնավորապես՝ Քաջարանում, կյանքը հիասքանչ է, ուստի այսուհետ հարկավոր է վստահել գործող իշխանություններին և քվեարկել նրանց օգտին:

Փաստացի, Սերժ Սարգսյանը խորհուրդ է տալիս ևս հինգ տարի բավարարվել իմիտացիաներով:

Մեկնաբանել