Ընտրությունները խթանել են աճը

Լուսանկարը` Ֆոտոլուրի

Ազգային վիճակագրական ծառայությունն այս տարվա երկու ամիսներին 8% տնտեսական աճ է արձանագրել։ Եթե տնտեսական ակտիվության ավելացմանը նպաստել է արդյունաբերության, ծառայությունների ոլորտներում արձանագրված շոշափելի աճը, ապա մանրածախ առևտրաշրջանառությունը խթանել են «նախագահական» ընտրակաշառքները։

Եթե այս տարվա հունվարին տնտեսական ակտիվությունն ավելացել է 9,1%-ով, ապա երկու ամիսների կտրվածքով այն դանդաղել է մինչև 8%։ Մյուս կողմից՝ անցած տարվա առաջին երկու ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 5,6%։

Ազգային վիճակագրական ծառայության՝ «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները 2013թ. փետրվարին» հրապարակումից երևում է, որ այս տարվա երկու ամիսներին աճ է արձանագրվել տնտեսության բոլոր ճյուղերում՝ բացառությամբ շինարարության։ Շինոլորտում արձանագրվել է 8% անկում, այն դեպքում, երբ փետրվարին, ամսական կտրվածքով, արձանագրվել է 51,8% աճ։

Երկու ամիսների կտրվածքով արդյունաբերության ոլորտում արձանագրվել է 16% աճ, միայն փետրվարին, ամսական կտրվածքով՝ 0,7% անկում։ Անցած տարվա նույն ժամանակահատվածում արդյունաբերության ոլորտում արձանագրվել էր 18,5% աճ։ Իհարկե, ավելի մեծ բազայի վրա բարձր աճ արձանագրելը շատ ավելի բարդ է, սակայն պետք է հաշվի առնել, որ նախորդ տարիներին կառավարությունը հարկային տարբեր արտոնություններով խթանել է ներդրումային ծրագրերը, որոնց արդյունքներն արդեն իսկ պետք է տեսանելի լինեին։

Այս տարվա երկու ամիսներին գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է 2,2% աճ, ծառայությունների ոլորտում՝ 7,8%, սակայն ինչպես և արդյունաբերության դեպքում, ծառայության ոլորտի աճի տեմպը զիջում է 2012թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշին։

Ուշագրավ է, որ հունվար-փետրվարին միջին ամսական աշխատավարձի 3,2% աճի պայմաններում առևտրաշրջանառությունն ավելացել է 6,7%-ով, այն դեպքում երբ հունվարին աճը կազմել է 5,7%, իսկ 2012թ. հունվար-փետրվարին՝ 0,6%։

Առևտրաշրջանառության աճի վրա դրական ազդեցություն են թողել փետրվարին կայացած նախագահական ընտրությունները։

Փետրվարին բնակչության եկամուտների կտրուկ աճի մասին է վկայում այն, որ փետրվարին առևտրաշրջանառությունն ամսական կտրվածքով աճել է 23,9%-ով, տարեկան կտրվածքով՝ 7,5%-ով։ Եթե հաշվի առնենք նաև այն, որ հունվար-փետրվարին գնաճը կազմել է 2,8%, ապա ակնհայտ է՝ առևտրի ծավալների ավելացման հիմնական խթանը ընտրակաշառքն է։

Թեև Հայաստանում միջին աշխատավարձը հունվար-փետրվարին աճել է 3,2%-ով և կազմել Դ138,8 հազ., նվազել է պետական համակարգում աշխատողների գնողունակությունը։ Խնդիրն այն է, որ երկու ամիսներին գնաճը կազմել է 2,8%, իսկ պետական համակարգի աշխատակիցների միջին աշխատավարձն աճել ընդամենը 1,9%-ով՝ հասնելով Դ111,9 հազ-ի։ Մասնավոր հատվածում միջին աշխատավարձի աճը կազմել է 5,6%՝ մինչև Դ170,8 հազ.։

Տարվա առաջին երկու ամիսներին Հայաստանի արտաքին առևտրի ծավալը կազմել է $887,2 մլն, ինչը 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 14%-ով։ Հաշվետու ժամանակահատվածում արտահանման աճի տեմպն առաջանցիկ է եղել. արտահանումն աճել է 30,4%-ով՝ կազմելով $241,3 մլն, ներկրումն ավելացել 8,9%-ով՝ հասնելով $645,9 մլն-ի։ Ներկրման ծավալներն արտահանումը գերազանցել են 2,7 անգամ։

Մեկնաբանել