Ո՛չ, սա Ալիևը չէ, ոչ էլ Էրդողանն է

«Իշխանության մեջ գտնվողը չի կարող ասել, որ մենք պետք է ճանաչենք ԼՂՀ անկախությունը: Ես տասը րոպե հետո նրան աշխատանքից կազատեմ: Իշխանության մեջ գտնվողը չի կարող տարածքային պահանջներ ներկայացնել որևէ հարևան երկրի: Տասը րոպե հետո ես նրան աշխատանքից կազատեմ».

Այս խոսքերի հեղինակը Ալիևը չէ, ոչ էլ Էրդողանն է: Սա հատված է Հայաստանի Հանրապետության նախագահի խոսքից՝ մարտի 18-ին լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ:

Դեռ ընտրարշավի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ Ղարաբաղի անկախության ճանաչման մասին կոչերը արկածախնդրություն են: Իր այս հայտարարությամբ պարոն Սարգսյանը՝ որպես Հայաստանի Հանրապետության առաջին դեմք, երկու կոպտագույն սխալ է թույլ տալիս:

Նախ, ընդունենք, որ Հայաստանի անվտանգության տեսանկյունից ներկայում Ղարաբաղի անկախության ճանաչումը նպատակահարմար չէ և հղի է սպառնալիքներով: Բայց արդյո՞ք հենց Հայաստանի Հանրապետության նախագահը պետք է դա ասի, արդյո՞ք նրա շուրթերից պետք է հնչի «Ղարաբաղի ճանաչում և արկածախնդրություն» արտահայտությունը: Արդյոք սա չի՞ խոչընդոտելու ընդհանրապես Ղարաբաղի ճանաչման միջազգային գործընթացը:

Երկրորդ, որ առավել անընդունելի է, Ղարաբաղի անկախությունը (ներկայում) ճանաչելու անընդունելիության մասին հայտարարությունից հետո հարևան երկրներին տարածքային պահանջներ ներկայացնելու մասին արտահայտությունն է: Հարևան ո՞ր երկրին նկատի ունի Սերժ Սարգսյանը՝ Վրաստանի՞ն, Իրանի՞ն, Թուրքիայի՞ն, թե՞ Ադրբեջանին: Երկու նախադասությունների հաջորդականությունը ենթադրում է, որ պարոն Սարգսյանը այնուամենայնիվ նկատի ունի Ադրբեջանին: Նա փաստորեն Ղարաբաղի անկախության ճանաչումը համարում է տարածքային պահանջ Ադրբեջանի նկատմամբ:

Հայաստանը տարիներ շարունակ հայտարարել է, որ Ղարաբաղի անջատումը Ադրբեջանից տեղի է ունեցել ԽՍՀՄ և միջազգային օրենքներին համապատասխան և չի առնչվում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը:

Հայաստանի Հանրապետության նախագահը փաստորեն հրաժարվում է բոլոր այս փաստարկներից:

Մեկնաբանել