Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի մի խումբ անդամների, նախկին պատգամավորների և մի քանի քաղաքների իշխանությունների մասնակցությամբ ստեղծվել է Արցախի Հանրապետության հետ բարեկամության շրջանակ, հաղորդում է «Արմենպրեսը»:
Մարտի 19-ի երեկոյան ընդունած փաստաթղթում նշվում է. «Հիմք ընդունելով Մարդու իրավունքների մասին համընդհանուր հռչակագրում ամրագրված ազատության և ժողովրդավարական արժեքների բացարձակ կարևորությունը, սատարելով բոլոր ժողովուրդների, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, գիտակցելով Հարավային Կովկասի տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման և կայունության պահպանման անհրաժեշտությունը, աջակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը ԼՂ հակամարտության կարգավորման նպատակով և այդ ուղղությամբ Ֆրանսիայի Հանրապետության կողմից գործադրվող ջանքերին, ողջունելով ազատ և ժողովրդավարական հասարակություն ստեղծելու և զարգացնելու Լեռնային Ղարաբաղի` Արցախի Հանրապետության ժողովրդի և իշխանությունների հետևողական քայլերը, համոզված լինեով, որ Արցախի ժողովրդի մեկուսացումը միջազգային գործընթացներից չի նպաստում ժողովուրդների երկխոսությանը և կայուն խաղաղության հաստատմանը, մենք` Ֆրանսիայի Հանրապետության քաղաքական գործիչներս, պատգամավորներս ու սենատորներս, հայտարարում ենք Արցախի հետ բարեկամության շրջանակ ստեղծելու որոշման մասին»:
Հայտարարության տեքստը ստորագրել են Մարսելի առաջին փոխքաղաքապետ, նախկին պատգամավոր Ռոլան Բլյումը, Ազգային ժողովի պատգամավորներ Վալերի Բուայեն, Ֆրանսուա Ռոշբլուանը, Ռընե Ռուքեն, սենատորներ Սոֆի Ժուասենը, Ֆիլիպ Մարինը, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ժորժ Կոլումբիեն, ով ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով նախկին զեկուցողն էր, այլք: Հայտարարության ստորագրումից հետո բարեկամական շրջանակի անդամները փաստաթղթին միանալու կոչով դիմել են այն քաղաքական գործիչներին, որոնք կիսում են ամրագրված արժեքները: