Ժողովրդավարությունը կառավարման ամենավատ համակարգն է…

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ Ազատության հրապարակում տեղի ունեցող հետընտրական գործընթացները չեն կարող ազդեցություն չունենալ առաջին գծի պաշտպանության վրա (Tert.am): Խոսելով տեղի ունեցող ներքաղաքական գործընթացների մասին՝ Սեյրան Օհանյանը նշել է, որ Ազատության հրապարակում զերծ չեն մնում բանակի վերաբերյալ տեղի և անտեղի կոչերից ու քննադատություններից։

Նախարարի հետ կարելի է համաձայնել, որ իսկապես բանակի նկատմամբ քննադատությունը չարվի հանուն պոպուլիզմի կամ քաղաքական ինչ-ինչ հաշվարկներով, որ քննադատությունը ծառայի միայն ու միայն բանակի հզորացմանը: Սակայն անհասկանալի է ժողովրդավության արտահայտման դրսևորումները առաջին գծի պաշտպանության հետ կապելը:

Հայաստանում արդեն գրեթե երկու տասնամյակ է, ինչ ներքաղաքական բոլոր գործընթացները և զարգացումները կապվում են երկրի պաշտպանության և Ղարաբաղի հարցի հետ, ու շատ հաճախ այդ մոտիվացիայով կաշկանդվում է ժողովրդավարության զարգացումը, կամ քաղաքական ուժերն են ինքնակաշկանդվում:

Մեզանում ժողովրդավարության և երկրի պաշտպանունակության մասին պատկերացումները աղճատված են: Եթե ժողովրդավարական գործընթացները բարդ աշխարհագրական միջավայրում հակաասում են երկրի պաշտպանունակությանը, հարց է առաջանում՝ այդ ինչպե՞ս է պատահել, որ Իսրայելը կարողացել է ստեղծել և՛ հզոր ժողովրդավարություն, և՛ հզոր բանակ, և՛ հզոր տնտեսություն, ընդ որում՝ պատերազմների բոհի միջով: Ավելին, այդ ինչպե՞ս է պատահել, որ այսօր աշխարհում ռազմական, տնտեսական և տեխնոլոգիական առումով ամենաուժեղները գլխավորապես ժողովրդավարական երկրներն են:

Հենց քաղաքական և քաղաքացիական ազատություններն են հնարավորություն տալիս, որ երկիրը ավելի հզոր ու պաշտպանունակ լինի: Աշխարհում նման օրինակները բազմաթիվ են:

Երբ երկրի յուրաքանչյուր քաղաքացի իր քվեով կարողանում է իրացնել սեփական իշխանությունը, այդ երկիրը շատ ավելի հզոր է լինում, քան երբ այդ քվեն գողացվում է:

«Ժողովրդավարությունը կառավարման ամենավատ համակարգն է՝ չհաշված մնացած բոլորը». Ուինսթոն Չերչիլի հանճարեղ այս արտահայտությունը առավել քան տեղին է Հայաստանի համար:

Մեկնաբանել