Ինչպես կհիշվեն ՀՀ նախագահները՝ ըստ Ա.Ադիբեկյանի

Ինչպիսի վարկանիշներ են ունեցել և ինչպես են հիշվելու Հայաստանի երրորդ Հանրապետության երեք նախագահները. «Ա1+»-ի հյուրասրահում ներկայացրեց սոցիոլոգ, «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը:

«Ամենաբարձր վստահության վարկանիշն ունեցել է Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 83%: Այստեղ ոչ այնքան կարևոր է նրա անձը կամ կենսագրությունը, որ սովորական սովետական գիտնականի կենսագրություն էր, որքան նրա խոստումները, որոնցով նա փախուստ ցույց տալիս սոցիալիզմից: Այդ ծրագրի վրա յուրաքանչյուրն իր սպասումներն էր պրոյեկտում, սակայն հիասթափությունները մեծ եղան, քանի որ երևի թե չպիտի միանգամից պոկվեինք՝ Վազգեն Մանուկյանի ասած՝ թռնեինք գնացքից: Լևոն Տեր-Պետրոսյանին հիմա առավել հիշելու են որպես քանդողի:

Քոչարյանը երևում է որպես բազե, որն ուներ նպատակ ու հետևողական իրականացրել է դա: Նա ամուր ղեկավար էր, և ներդրումներ եղան, քառապատկվեց բյուջեն, ՀՆԱ-ն անցնում էր 13 մլրդ դոլարը, և մոտենում էինք Սովետական Հայաստանի ցուցանիշներին: Քոչարյանը հիշվելու է՝ որպես տնտեսություն զարգացնող և Ղարաբաղի հարցում անզիջում մարդ:

Ներկայիս նախագահը երևաց որպես հմուտ նավավար, որ կարողացավ միջազգային փոթորկոտ վիճակներում պահել մեր նավը: Նրա վրա մեծ ազդեցություն ունեցավ միջազգային ճգնաժամը: Մեզ մոտ այդ ճգնաժամը փափուկ անցավ: Եթե սա պահպանվի, և մի քանի լուրջ ամբիցիոզ արդյունաբերական պրոյեկտներ անենք, կերպարը կամրապնդվի: Սերժ Սարգսյանը կհիշվի՝ որպես հմուտ նավավար»,- ասաց սոցիոլոգը:

Լուսանկարը՝ Mediamax-ի

Մեկնաբանել